Կարծիք

22.06.2024 08:35


Էս որակով բա ի՞նչ էիք ուզում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Էս որակով բա ի՞նչ էիք ուզում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Ադրբեջանը նոր մեղադրանքներ է Հայաստանին ներկայացնում, Հայաստանը պատերազմ է կանխատեսում աշնանը, Նիկոլը հեծանիվ է քշում, արտգործնախարարը դրսերում շրջագայում է ու էլ ավելի է խայտառակում ՀՀ չեղած դիվանագիտությունը, թրքի դռան շուն լինել ցանկացողն էլ ընկերների հետ քննարկում է ԵՄ մտնելու հարցը։ Սա կատարվում է մեր երկրում, սխալ ասեցի՝ այս կրկեսը, կատարվում է մեր երկրում։

Օրինակ, դուք ժողովուրդ ջան, կարողացա՞ք հասկանալ, թե սրանք ինչու են ուզում դուրս գալ ՀԱՊԿ-ից, բայց ուզում են մնալ ԵԱՏՄ-ում, ինչու են ուզում գնալ ԵՄ, չնայած որ ոչմեկ մեզ այնտեղ չի էլ հրավիրում, ինչու են Բելառուսի հետ հարաբերություն փչացնում, բայց Թուրքիային սիրաշահում, Հունգարիայի հետ սառեցված կապերը վերականգնում, Իսրայելում դեսպանատուն բացում, բայց Պաղեստին ճանաչում, չնայած որ Արցախ չէին ճանաչել, ինչու են Իրանի հետ հարաբերությունները հետին պլան մղում, ժողովուրդ երկար կարող եմ դեռ շարունակել։ Սա Նիկոլ Փաշինյանի, իր ընկերոջ՝ իբր պատմաբանի մտածած Հայաստանի արտաքին քաղաքական, անվտանգային ռազմավարության գործողություններն են։ Ճիշտ նկատեցիք, սրանց արած ցանկացած երկու բան հակասում են իրար։

Նիկոլն ասում է՝ Բելառուս այլևս չեմ գնա, քանի էնտեղ Լուկաշենկոն նախագահ է։ Պատճառն այն է, որ ասել է, որ ցանկացել ու նաև մասնակցել է Արցախի դեմ պատերազմի նախապատրաստմանը։ Նեղվել ես, ինքնասիրությունդ աշխատել է, ճիշտ ես անում։ Բայց այդ դեպքում Ադրբեջանն է հարձակվել, ինչո՞ւ ես Ադրբեջանի հետ հարաբերություն կարգավորում կամ ինչո՞ւ ես ասում՝ Արցախն Ադրբեջան է, եթե Լուկաշենկոն էլ է դա ասում ու իր հետ կապերը խզում ես, տենց ա տենց, ինքդ քո հետ բա ինչո՞ւ չես հարաբերություն խզում։ Անմտություն է չէ՞, բա քո արածը անմտություն չէ՞ր, ազգովի պայքարել, ազատագրել, կռիվ տալ, զոհեր, արյուն, հետո գաս ասես՝ թե չէ է, մերը չէ, իրենցն է, սխալս էր, որ էն գլխից չեմ ասել՝ ինչ եմ անելու։ Պարզ է, էնպես չէ, թե Լուկաշենկոն դարդից հարբում է, որ Փաշինյանը էլ Բելարուս չի գնա․ բայց կարելի է հասկանալ, թե դրա տրամաբանությունը որն ա։ Բելառուսի հետ կապերը խզում է, բայց Թուրքիային խնդրում հարաբերությունները վերականգնել, էն դեպքում, երբ պատերազմի ելքը որոշել են թուրքական Բայրաքթարերը։ Բելառուսի հետ կապերը խզող իշխանությունը կապերը վերականգնում է Հունգարիայի հետ, որը Ադրբեջանին էր հանձնել հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած ստահակ Ռամիլ Սաֆարովին ու էնտեղ հերոսացրել էին։ Բա էդ առիթով էր, որ ասում էին՝ ո՞նց կարող է նորմալ երկիրը որևէ այլ երկրի հետ հարաբերություն խզել։ Չեմ ասում ինչի ես խզում կապերը Բելառուսի հետ, ասում եմ՝ ո՞րն է պատճառը, որ դու հարաբերությունները խզում ես Բելառուսի հետ Ադրբեջանին օգնելու պատճառով, բայց դեսպանատուն ես բացում Իսրայելում, որը պատերազմի ժամանակ պուլտով կառավարել է իր տված զենքերը նույն մեր դեմ դրա տրամաբանությունը, սզբունքը ո՞րն է։

Կամ Ուկրաինան, ասացին՝ նույնպես զինել է Ադրբեջանին պատերազմի ժամանակ, նոյեմբերի 9-ից հետո էլ փողոցներում պաստառներով շնորհավորում էր Ադրբեջանին․ Բելառուսում տենց պաստառներ չենք հանդիպել։ Կամ որ հիմա խնդրում եք ձեզ մտցնեն ԵՄ, պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո իրեն ինչպե՞ս էր պահում ԵՄ-ն, որևէ պատժամիջոց սահմանե՞լ է Ադրբեջանի դեմ․ հլը տես Ռուսաստանի նկատմամբ քանի հազար պատժամիջոց են սահմանել, բա ո՞ւր մնաց բռնի հայաթափված արցախցու իրավունքները։ Էդ ուկրաինացի փախստականը փախստական ա, արցախցին փախստական չի՞, որ գարաժներում են տեղավորվել․ էդ նրանք հայրենիք ունեն, մերոնք չունեի՞ն, որ գնում եք կարեկցում ու օգնություն բաժանում։ Ֆրանսիան, որ քեզ հայ բուդուրով զենք է վաճառում, Ադրբեջանի հետ քա՞նի հատ է նմանատիպ համագործակցության պայմանագիր կնքել, էդ չե՞ք տեսել։

Սա է Նիկոլ Փաշինյան վարչապետի մտածած դիվանագիտությունը․ Ադրբեջանի նախագահը ինչ ասես ասում է, արժանապատվությունը չի վիրավորվում, Լուկաշենկոն ասում է, Լուկաշենկոյի ասածից վիրավորվում է։ Ինչո՞ւ։ Է սաղս էլ հասկանում ենք, խնդիրը Բելառուսը չէ, այլ՝ Ռուսաստանը։ Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, հասկացանք, շատ էլ տեղին է, ըստ երևույթին․ բայց էդ դժգոհության արտահայտման տեղը ո՞րտեղ պետք է լինի, եթե ոչ ՀԱՊԿ-ը, այն ժողով ու հավաքները, որ գնում, նստում, բան եք խոսում, պայմանավորվում։ Բայց չէ, սրանք հրաժարվում են ՀԱՊԿ որևէ նիստի մասնակցելուց, այլ գնում են եվրոպական երկիր ու էնտեղից քլնգում ՀԱՊԿ-ին, երջանիկ եվրոպացիքի կողքները կանգնած։ Այսօր Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին Միրզոյանը հրաժարվել է մասնակցել։ Ինչո՞ւ, բա գնայիր, սաղ երեսներին ասեիր, թե՞ բաներ էլ կա քեզ կարողա ասեն, դրա համար Վիլնյուս ես գնացել, ձեռի հետ կքլնգես, Եվրոպան իրեն լավ կզգա, դե երկրի հերն էլ անիծած։ Էն որ ասում եմ քլունգն առած քանդում են ամենինչի հիմքերը, այ էս ա։ Բա հլը սրանց խելքն ու մակարդակը նայեք, արդյո՞ք խայտառակություն չէ, երբ գործող արտգործնախարարը հանդիպում է Բելառուսի նախագահի 4 տարի առաջվա թեկնածուին ու ինչ-որ բան քննարկում, լուսանկարվում, սարքում են հաղորդագրություն ու մի հատ էլ ասում, թե՝ էս էլ մեր պատասխանը Լուկաշենկոյին։ Դե մալադեց, Արո՛։ Որ ասեմ մի դեմք էլ լինի, լուրջ քաղաքական դեմք, լուրջ գործիչ, չէ հա, ինչոր խամաճիկանման մեկը, ում հայտնի կենտրոնները ուզեցել են դնեն նախագահի աթոռին, պռավալ ա գնացել, էդքան բան։

Ես ուզում եմ հասկանալ՝ դուք երբ ինչ-որ բան անում եք, մտածում ե՞ք, ծրագրում ե՞ք, թե ասում եք հլը սենց անենք, անենք ինչ ասում են, տեսնենք ինչ կլինի։

Այսօր հավաքվել էին խորհրդարանում մի խումբ անձինք ու քննարկում էին, թե ինչքան կարևոր է, որ Հայաստանը մտնի ԵՄ․ առնվազն նրանց, ում ճանաչում եմ, այդտեղ տեսնելով՝ իմ մեղքը եկավ այն կառույցի վրա, որ պետք է դրանք մտնեն․ եվրամիությունը այսօր խայտառակվում էր Հայաստանի խորհրդարանում։ Ելույթները, հայտարարությունները, մտնենք ԵՄ, որ մեզ փրկի, Ռուսաստանի հետ մենք հետամնաց ենք, մեզ վրա հարձակվում են, վիզաներ ստանանք, զարգանանք, Ղարաբաղի հարցը, ռսի ստրուկը, կալոշը և այլն։ Տպավորություն էր, որ Արցախը մատաղ արվեց, որ սրանք առիթ ունենան մի ռազմավարական գործընկերոջը վարկաբեկեն և մեկ այլ կողմի վրա թեքվելու առիթ լինի։ Որ մտնենք, պատերազմ չի լինի, երջանիկ կապրենք։ Անգամ մեկը հայտարարեց, թե՝ ԵՄ մտնելը հավասար է Հայաստանի անկախության։

Նախ ինձ հետաքրքրում է՝ իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է քեզ ընդունել քո էս պրոբլեմներով, քո էս որակի իշխանությամբ հանդերձ․ էդ հիմա է, որ ԵՄ-ն խրախուսում է Հայաստանում սենց իշխանության գոյությունը, որովհետև հակառուսական ամբիոն է ձևավորվել, ԵՄ երկիր կարո՞ղ եք ցույց տալ, որը իր էդ սաղ հարցերը լուծել ա։ Ես ցույց կտամ, հենա Հունաստանը, Կիպրոսը, հը՞, իրենց հարցերը լուծե՞լ են թուրքերի հետ։ Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանի հետ ամուր կապեր, պայմանավորվածություններ ու պայմանագրեր ունեցող ԵՄ-ին կուզենա՞, որ իր էդ սաղ պրոբլեմներով մի հատ էլ Հայաստան մտցնի այդ միություն․ թե՞ ընդամենը հույս է տալու, մի 20 տարի սպասեցնելուց հետո նադայել եղած չեղարկես սաղ, ինչպես հասկացավ արդեն Վրաստանը։ Իսկ ո՞վ ասաց, որ եվրամիությունում քո հետ ավելի լավ են լինելու, քան Ադրբեջանի։ Հունգարիայի արտգործնախարարն ասում է՝ եթե Հայաստանին 10 մլն դոլարի օգնություն տրամադրվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից, ապա նույն օգնությունը պետք է տրամադրվի նաև Ադրբեջանին։

Իրականությունը այն է, որ եթե չլինես խելացի, չիմանաս որն է քո երկրի շահը ու դրանով պայմանավորված գործես, չիմանաս ինքնատիրապետում, չիմնաս դիվանագիտական լեզու, քո բոլոր դաշնակիցները քո հակառակորղների հետ կպայմանավորվեն, ինչպես տեսնում ենք, Թուրքիան ու Ռուսաստանը կպայմանավորվեն, Ադրբեջանն ու Իրանը կպայմանավորվեն ու դու չես կարող այնպես անել, որ դա անեն նաև քո շահը հաշվի առնելով։ Եթե դուք ունենայիք մի փոքր խելք, հասկանայիք դիվանագիտությունն ինչ է, քո էղած գործընկերների հետ հավայի տեղը թարսվելու փոխարեն երկխոսություն կանեիք ու կփորձեիք մի բան քաղել։ Բելառուսը շատ սխալ է արել, դա չեմ էլ քննարկում, որ օգնել է Ադրբեջանին, հիմա էլ ուզում է օկուպացված Արցախում քաղաք սարքել, բայց դա առաջին հերթին քո մեղքն է, որովհետև դա արել է քո օրոք։ Վատ ենք զգում, ասում ենք մեր թշնամու հետ ավելի լավա, արա, մեր հետ էր լավ, մինչ քո հայտնվելը, գալիս Ծառուկյանի տանն էր մնում, եթե չեմ սխալվում, մեզանից էր ներդրում ուզում, մեզ էր բան խնդրում, էս ու՞ր բերիք մեզ հասցրեցիք, ու դեռ խոսում եք։

Կարճ ասած՝ ուր ուզում ես գնա, որ կառույց ուզում ես՝ մտի, եթե ունես էս որակի իշխանություն, ապա մեզ համար հավասարաչափ անօգուտ, որոշ դեպքերում՝ աղետ են դառնալու բոլոր կապերը, անգամ ամենից խոստումնալից նախաձեռնությունները։ Մեզ համար հավատացեք, որ Հայաստանի իշխանության էս որակը ավելի աղետ է, քան անգամ Ադրբեջանը։ Ադրբեջանը 10 ու 20 տարի առաջ էլ կար, բա ինչո՞ւ մենք էս վիճակում չէինք։ Պետք է փոխել իշխանության որակը, այսպիսի արկածախնդիր դիլետանտները պետք է անգամ մոտ չգան, էլ ուր մնաց որոշեն մի ամբողջ ժողովրդի ճակատագիր։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը