Քաղաքական

21.06.2024 20:30


Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ հայտարարությունը, գրում է Anadolu գործակալությունը:

«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ Թուրքիան կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի ավելի շատ երկրներ ճանաչեն Պաղեստինը։

Հիշեցնենք, որ ըստ The Times of Israel-ի Իսրայելի ԱԳՆ-ն կանչել է Հայաստանի դեսպանին՝ խիստ նկատողություն հայտնելու՝ Պաղեստին պետությունը ճանաչելու մասին ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունից հետո։

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ։

«Գազայում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը և շարունակվող ռազմական հակամարտությունն այսօր միջազգային քաղաքական օրակարգի՝ կարգավորում պահանջող առաջնային խնդիրներից մեկն է: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին:

Հայաստանի Հանրապետությունը միացել է ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերին, որոնք կոչ են անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում: Ավելին, Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն շահագրգռված է Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմամբ, հրեա և պաղեստինցի ժողովուրդների միջև տևական հաշտության կայացմամբ: Միջազգային տարբեր հարթակներում մենք մշտապես հանդես ենք եկել պաղեստինյան հարցի խաղաղ և համապարփակ կարգավորման օգտին և պաշտպանում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման՝ «երկու պետություն» սկզբունքը: Համոզված ենք, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները կարող են իրականացնել իրենց օրինական ձգտումները:

Ելնելով վերոնշյալից և վերահաստատելով իր հավատարմությունը միջազգային իրավունքին և ժողովուրդների հավասարության, ինքնիշխանության ու խաղաղ համակեցության սկզբունքներին՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը», - ասված է հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը