Քաղաքական

21.06.2024 14:49


Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները

Ինչո՞ւ է Հայաստանի ԱԳՆ-ն կանխատեսում նոր պատերազմ. որո՞նք են Փաշինյանի իրական նպատակները

Հայաստանի ԱԳՆ-ն նախօրեին, հիշեցնենք, հանդես էր եկել հետևյալ հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ.

«Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի...

Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ 1 ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»։

Փաստացի կարող ենք արձանագրել, որ Փաշինյանի իշխանությունը գրեթե հաստատում է, որ մեծ հավանականություն կա, որ սույն տարվա վերջում Ադրբեջանը կարող է կրկին հարձակվել Հայաստանի վրա:

Իսկ հիմա փորձենք վերլուծել, թե ինչու է հենց այսօր Հայաստանի ԱԳՆ-ն նման հայտարարությամբ հանդես գալիս:

Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է մինչև տարվա վերջ խզել Հայաստանի բոլոր նկապերը ՀԱՊԿ-ի հետ:

Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է գրեթե զրոյական դարձնել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները:

Փաշինյանի իշխանությունը անտեսեց Իրանի բոլոր առաջարկները՝ խորացնել Հայաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում:

Դեռ ավելին, Փաշինյանի իշխանությունը մինջև տարվա վերջ պատրաստվում է ԱՄՆ-ի հետ «ռազմավարական երկխոսության» մակարդակը բարձրացնել մինչև «ռազմավարական հարաբերությունի»:

Դրանից հետո Փաշինյանը կամ Միրզոյանն ուզում են, որ Ադրբեջանը լո՞ւրջ վերաբերվի Հայաստանին:

Դուք ծաղրո՞ւմ եք հայ ժողովրդին:

Դուք ուզում եք կազմաքանդել Հայաստանի ողջ անվտանգային համակարգը, իսկ հետո անամոթաբար «կանխատեսել», թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա՞: Բա ինչ պետք է անի, հո անմեղսունակ չի՞, որ ձեր այս աննախադեպ նվերից չօգտվի:

Բայց այնուամենայնիվ, դուք անմեղսունակ չեք:

Դուք շատ լավ գիտեք, թե ինչ եք անում:

Օգտվելով, որ Հայաստանում գոյություն չունի քաղաքական միտք, դուք կանխամտածված կազմաքանդում եք Հայաստանը, որպեսզի պետական կառույցները չլինեն, որպեսզի դուք կարողանաք ազատվել ապագա դատարաններում հայտնվելուց:

Չէ որ, եթե չկա պետություն, ինչո՞ւ կամ ո՞վ պիտի ձեզ դատի ձեր հանցագործությունների համար:

Զարմանալին պարզապես այն է, որ նույնիսկ այս տարրական ճշմարտություններից հետո Հայաստանի քաղաքական հանրային դաշտում տիրում է քար լռություն:

Սա ցույց է տալիս Հայաստանի քաղաքական դաշտի ամբողջական չգոյությունը: Ֆիզիկապես իհարկե կան, բայց բովանդակային առումով արդեն Հայաստանի քաղաքական դաշտը գրեթե վերացել է:

Կլինի՞ արդյոք գոնե մի քաղաքական ուժ, որը կհայտարարի, որ կա այդպիսի ուժ, ուրեմն Հայաստանի փրկության հնարավորություն դեռ կարող է լինել: Չի լինի, ուրեմն Հայաստանը, որպես պետություն աշխարհի քարտեզի վրա կվերանա: Բայց դրա համար պատասխանատուն կլինի բացառապես հայ ժողովուրդը իր չկայացած քաղաքական վերնախավով:

Սա է իրականություն:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը