Լրահոս

21.11.2011 00:14


Ադրբեջանական կողմի արձակած գնդակից կրկին ՊԲ ժամկետային զինծառայող է զոհվել

Ադրբեջանական կողմի արձակած գնդակից կրկին ՊԲ ժամկետային զինծառայող է զոհվել

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, նոյեմբերի 20–ին ժամը 08:50–ի սահմաններում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում (Կուրոպատկինոյի ուղղություն) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ հակառակորդի կողմից արձակված գնդակից կրծքավանդակի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Միհրան Արմենի Մարգարյանը:

ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը գրում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից շփման գծի ողջ երկարությամբ ծավալված նախահարձակ գործողությունները, որոնք հիմնականում իրականացվում են դիպուկահար զինատեսակներից, մեկ անգամ ևս փաստում են, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն չի կատարում միջազգային տարբեր մակարդակներում տեղի ունեցած բանակցություններում ձեռքբերված հրադադարի ռեժիմի պահպանման պահանջները, այլև օր–օրի առավել լկտի և սանձարձակ բնույթ է հաղորդում իր ագրեսիվ ձեռնարկումներին:

–Առաջնային գծում տեղի ունեցած մահվան ելքով հերթական միջադեպը կրկին հաստատում է, որ ադրբեջանական կողմը ոչ միայն չի հարգում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը, այլև նպատակային քայլեր է իրականացնում տարածաշրջանային լարվածությունը խորացնելու ուղղությամբ: Հանգամանք, որը ղարաբաղյան կողմին ստիպում է իր հետագա գործողություններում լինել առավել կոշտ, իսկ պատասխաններում` համարժեք,–ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին ժամը 08:40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ հակառակորդի դիպուկահարի կողմից արձակած կրակոցից զոհվել է ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արեն Արմենի Սիմոնյանը:

Այս խորագրի վերջին նյութերը