Կարծիք

21.12.2011 09:40


Կոնգրեսի կոչը Թուրքիային, որ վերադարձնի եկեղեցիները. փոխհատուցման առաջին հաջող փորձ

Կոնգրեսի կոչը Թուրքիային, որ վերադարձնի եկեղեցիները.  փոխհատուցման առաջին հաջող փորձ

Թուրքիան մեծ պարտություն կրեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ  նշանակալից մի բանաձև ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ և այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»:

Այս հաղթանակը հատկապես նշանակալից է, քանի որ այն տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Թուրքիայի հեղինակությունը հասել է իր գագաթնակետին  թե՛ տարածաշրջանում, և թե՛ միջազգայնորեն: Սակայն, չնայած իր հզոր քաղաքական և տնտեսական ուժին՝ ոչ թուրքական ռեժիմը, ոչ էլ իր հզոր լոբբիստները չկարողացան բացահայտ կերպով դեմ դուրս գալ Կոնգրեսի ընդունած բանաձևին, որը կոչված էր պաշտպանելու Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների կրոնական իրավունքները: Սա է պատճառը, որ,  հուլիսի 20-ին բանաձևը հեշտությամբ ընդունվեց ձայների 43-1 հարաբերությամբ, երբ առաջին անգամ ներկայացվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովին, որպես Պետդեպարտամենտի արտաքին հարբերությունների լիազորման ակտում փոփոխություն:

Դեկտեմբերի 13-ին, մինչ բանաձևը կդրվեր քվեարկության Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Պետդեպարտամենտը Թուրքիայի խնդրանքով զգույշ,

սակայն ապարդյուն փորձ կատարեց խոչընդոտելու համար բանաձևի ընդունումը: Թուրք-ամերիկյան կազմակերպությունները նաև անհաջող քարոզչական պայքար մղեցին ընդդեմ բանաձևի: Պալատի ո՛չ Հանրապետական մեծամասնական և ո՛չ էլ ժողովրդավարական փոքրամասնական կուսակցության անդամներն ուշադրություն չդարձրեցին նրանց մերժողական պահանջներին: Այս ուժեղ երկկուսակցական համախմբումը հաջողությամբ հավաքեց բանաձևի ընդունման համար պահանջվող Ներկայացուցիչների պալատի ձայների երկու-երրորդը՝ մի դժվար հաղթահարելի խոչընդոտ, քանի որ միջնորդությունը  ներկայացվել էր «Կասեցման օրացույցի» հատուկ խորհրդարանական ընթացակարգի համաձայն:

Թուրքիայի կառավարությունը և իր մեծածախս լոբբիստական ընկերությունները ամոթալի կացության մատնվեցին, երբ Կոնգրեսի 435 անդամներից միայն մեկը խոսեց և քվեարկեց բանաձևի դեմ: Ավելին, Կոնգրեսի թուրք-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Էդ Ուայթֆիլդը պատրաստակամորեն ընդունեց, որ ոչ «շատերը դեմ կլինեն այս բանաձևին»: Հետո նա ավելացրեց. «բանաձևի ներկայացումն ինքնին որևէ անաչառ դիտորդի մոտ կթողնի այն տպավորությունը, որ կրոնական ազատությունը կանոնավոր կերպով խախտվում է Թուրքիայում»: Մի քանի րոպե այս ու այն կողմ ընկնելուց հետո, չիմանալով ինչպես ավարտել իր խոսքը, կոնգրեսական Ուայթֆիլդն իր խոսքի մնացած ժամանակը տրամադրեց իր հակառակորդներին՝ բանաձևի կողմնակիցներին:

Նման աղետալի պարտությունից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը չէր կարող ոչինչ ասել, քան արտահայտել իր հիասթափությունը: Սա Թուրքիային բնորոշ գործելակերպ է. ի սկզբանե մեծ ուժ գործադրել և սպառնալիքներ ներկայացնել անբարենպաստ որոշումից խուսափելու համար և պարտվելուց հետո միայն բանաձևը որակել անկարևոր թաքցնելու համար իրենց ամոթալի պարտությունը: Եթե Թուրքիայի կառավարությունը կարևորություն չէր տալիս այդ բանաձևին, ապա ինչու՞ նրանք ամբողջ աշխարհն իրար խառնեցին՝ փորձելով այն տապալել:

Միամիտ հանրությանն ապակողմնորոշելու համար թուրք պաշտոնատարները պնդեցին, որ բանաձևն ընդունվել է երկուսի դեմ մեկ քվեյով, առանց բացատրելու, որ բերանացի քվեարկության ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներից շատերը սովորաբար պալատում չեն լինում: Երբ երկու կողմերի ղեկավարները գալիս են համաձայնության որևէ հարցի շուրջ, միայն մի քանի անդամ են ներկա լինում և ընդունում այդ բանաձևը: Թուրքական իշխանությունները պետք է պատասխանեն հիմնական մի հարցի. այն է, թե ինչու՞ 435 կոնգրեսականներից միայն մեկն է դեմ քվեարկել բանաձևին: Այս փաստը վկայում է, որ նոր Օսմանյան կայսրը մերկ է:

Թեև այս բանաձևը պարտադիր ուժ չունի, քանի դեռ այն չի ներկայացվել Սենատին և ստորագրվել նախագահի կողմից, սա արդեն իսկ զգալի առաջընթաց է Թուքիայում ապրող բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների համար, ում կալվածքները բռնագրավված են եղել տասնամյակներ շարունակ: Ոգևորվելով այս դրական առաջընացից՝ հայկական, ասորական և հունական համայնքերը կշարունակեն իրենց ակտիվ համագործակցությունը և ճնշում կգործադրեն Թուքիայի վրա իրենց պատմական իրավունքները վերականգնելու համար:

 

Առաջին անգամ աշխարհասփյուռ հայության համար ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուքիայից հատուցում պահանջեց, ոչ թե սոսկ ցեղասպանության ճանաչում: Այս բանաձևը կարող է խթան հանդիսանալ մյուս երկրների և միջազգային կազմակերպությունների համար, որպեսզի նրանք էլ հետևելով այս օրինակին պահանջեն Թուրքիայում սեփականության իրավուքների վերականգնումը: Այսուհետև թուրքական կառավարությունը պետք է ավելի զգույշ լինի այդ իրավունքները ոտնահարելուց՝ քաջ գիտակցելով, որ միջազգային համայնքն աչալուրջ հետևում է իր կողմից շարունակաբար իրականացվող խախտումներին:

Այս բանաձևի հաջող ընդունումը կոգևորի աշխարհասփյուռ հայերին շարունակելու իրենց պայքարը հանուն ցեղասպանության հետևանքով առաջացած կորուստների վերականգնման: Ցավոք, Հայաստանում ոչ մի հոգևորական կամ պաշտոնատար ոչ մի հայտարարություն չարեց այս կարևոր հարցի կապակցությամբ, կարծես հայկական եկեղեցիների ճակատագիրն իրենց չի հետաքրքրում: Արդյո՞ք հայերի լավագույն շահերից չի բխում, որ Հայաստանը Սփյուռքի հետ միասնաբար փոխհատուցում պահանջի` հաշվի առնելով մասնավորապես նախագահ Սարգսյանի վերջերս Ֆրանսիայի Մարսել քաղաքում արած հայտարարությանը, որով «արդարություն» էր պահանջում Թուրքիայից:

Հարութ Սասունյան

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Այս խորագրի վերջին նյութերը