Քաղաքական

14.06.2024 14:59


«Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին

«Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին

Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության, հատկապես կարմիր բերետավորների, սադրանքների ու բռնությունների, այնուհետև անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործման արդյունքում տուժել են ավելի քան 100 քաղաքացիներ, կան ձերբակալվածներ։ Տուժածների թվում կան նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Հավաքին մասնակցող քաղաքացիների հետ տեղի ունեցածը հրահանգված էր Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա բախումների ժամանակ ԱԺ ամբիոնից քաջալերում էր ապօրինությունները։

Փաշինյանը խորհրդարանում փաստացի հայտարարեց, որ ուժային կառույցների գործողությունները պետք է վեր լինեն օրենքից և իրավունքից՝ իր այդ միտքը քողարկելով պետականության պաշտպանության մասին կեղծ թեզերով։

Փաշինյանի այս վարքագիծը ոստիկանությանը նոր հանցագործությունների մղելու, ԶԼՄ ներկայացուցիչներին վախեցնելու և խոսքի, հավաքների ազատությունը ճնշելու, ՀՀ–ն հրեշավոր ոստիկանապետության վերածելու քաղաքականության վկայությունն է։

Մենք կոչ ենք անում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, ժողովրդավարությունը որպես գերագույն արժեք հռչակած երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին, ՄԱԿ–ին, ԵԽԽՎ–ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կառույցներին չառաջնորդվել երկակի ստանդարտներով և հստակ գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի վարած այս քաղաքականությանը, ՀՀ ոստիկանության ապօրինի գործողություններին։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժում

Երևան, 14․06․2024թ․

Այս խորագրի վերջին նյութերը