Քաղաքական

13.06.2024 19:08


Մարիա Զախարովան «էժանագին» է համարում Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները (տեսանյութ)

Մարիա Զախարովան «էժանագին» է համարում Փաշինյանի կողմից ՀԱՊԿ-ի հասցեին հնչող մեղադրանքները (տեսանյութ)

ՀԱՊԿ-ում ոչ ոք մյուս մասնակիցներին ուժով չի պահում, եթե հայտարարելու բան կա, թող բացահայտ և ուղիղ հայտարարեն։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Զախարովան շահարկումներ է որակել այդ թեմայով Հայաստանի քաղաքական գործիչների խոսակցությունները։

«Ես ուշադրություն եմ դարձրել ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարություններին, որ Հայաստանը պետք է կամ անպայման դուրս կգա կազմակերպությունից։ Հիշում եմ, որ այսօրվա հայ քաղաքական գործիչները ոչ վաղ անցյալում հայտարարում էին, որ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից։ Այսինքն` ՀԱՊԿ-ը վերադարձե՞լ է Հայաստան, որ ՀՀ–ն էլ պետք է դուրս գա այնտեղից։ Կարելի է անընդհատ զբաղվել բանավոր էկվիլիբրիստիկայով, բայց դա էժանագին բան է»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ կան պետության ռազմավարական շահեր, կան տարածաշրջանային խնդիրներ, որոնց դեռ չի հաջողվել հրաժեշտ տալ, և առաջին հերթին պետք է մտածել ռազմավարական համագործակցության և անվտանգության, քաղաքացիական ենթակառուցվածքների մասին:

«Դա պետք է հանուն ապագա սերունդների։ Հանուն այն բանի, որ այս տարածաշրջանը լինի առաջադեմ, որ այն զարգանա։ Ոչ թե նրա համար, որ հին խնդիրները, ինչպես կապանքներ, քարերը քաշեն դեպի հատակ»,-հավելել է Զախարովան։

Հենց Հարավային Կովկասը, նրա խոսքով, պետք է բազմակենտրոն աշխարհակարգի կենտրոններից դառնա։

«Դրա համար ամեն ինչ կա՝ և՛ ընդհանուր սահմաններ, և՛ դարերի համակեցություն, և՛ բնական հարստություններ, և՛ աշխատասեր ու տաղանդավոր մարդիկ։ Պետք է աշխատել այդ բաղադրիչի վրա։ Պետք չէ անվերջ ինչ-որ արևմտյան կամ Արևմուտքից նետված մեմեր հորինել։ Փոխարենը պետք է գնալ առկա խնդիրները քաղաքական-դիվանագիտական ճանապարհով հաղթահարելու ակնհայտ ճանապարհով՝ հանուն սեփական ժողովրդի ապագայի»,-ասել է Զախարովան։

Նա որոշ հայտարարություններ կապում է նախընտրական խոստումների իրականացման հետ։

«Սա ինչ-որ անվերջ բառախաղ է, որը մենք լսում ենք Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության մի շարք գործիչներից։ Ո՞վ է նրանց կոչ անում զարգացնել այս թեման՝ ոչ ոք, իրենք։ Իսկ ինչու՞, սեփական ժողովրդին խաբելու, սխալ տեղ տանելու, անվերջ արդարացումներ հորինելու համար։ Իսկ թե ինչու է դա արվում, հավանաբար այն պատճառով, որ չեն կարողանում մարդկանց ճշմարտությունն ասել, բացատրել, թե ինչու են այս կամ այն ռազմավարական սխալ հաշվարկներն ու սխալներն արվել, ինչու են որոշակի ազգային շահեր կորել։ Երևի դրա համար պետք է մեղավոր գտնել, բայց հաստատ դա ՀԱՊԿ-ը չէ»,-ընդգծել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Այս խորագրի վերջին նյութերը