Հարցազրույց

06.06.2024 10:55


Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով (տեսանյութ)

Գալուզինի խոսքը հերթական զգուշացումն է Հայաստանին. Դմիտրի Ռոդիոնով (տեսանյութ)

Ինովացիոն զարգացման ինստիտուտի աշխարհաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Դմիտրի Ռոդիոնովը Alpha News-ին մեկնաբանել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի այն հայտարարությունը, թե Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումներում։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները ակտիվություն են ցուցաբերում միայն այնտեղ, որտեղ դա իրենց ձեռնտու է։

«Գալուզինը բացարձակապես ակնհայտ բաներ ասաց։ Իսկապես, Հայաստանի իշխանությունները փաստացի ակտիվ են այնտեղ, որտեղ դա իրենց ձեռնտու է։ Օրինակ՝ ԵԱՏՄ-ում (Եվրասիական տնտեսական միություն), քանի որ Հայաստանը հսկայական քանակությամբ բոնուսներ է ստանում այդ կազմակերպությունից։ Իսկ այն ոլորտներում, որտեղ նրանք շահ չունեն, նրանց դա հետաքրքիր չէ։ Բավական է հիշել ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, որտեղ նրանք ասում էին՝ «մենք սառեցնում ենք անդամակցությունը, չենք վճարելու տուրքերը, չենք մասնակցելու աշխատանքներին»»,-նշել է Ռոդիոնովը։

Քաղաքագետի խոսքով՝ Գալուզինի հայտարարությունը հերթական զգուշացումն է Հայաստանին։

«Սա այլ բան է, քանի որ դեսպանին արդեն կանչել են խորհրդակցությունների և մեկ անգամ չէ, որ նման հայտարարություններ են արվել, քանի որ Փաշինյանին և իր կառավարությանը պետք է դնել հստակ երկընտրանքի առաջ՝ կա՛մ դուք ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի, համագործակցության այլ ձևաչափերի անդամ եք և աշխատում եք մեզ հետ, կա՛մ դուք այդ ձևաչափերից դուրս եք գալիս։ Տվյալ դեպքում Ռուսաստանի մոտ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանին պե՞տք է պահել ԵԱՏՄ-ում, քանի որ Հայաստանն այնտեղ ոչինչ չի բերում, ավելի շատ ստանում է, քան տալիս։

Հայաստանին ԵԱՏՄ հրավիրելու հիմնական պատճառներից մեկն այն է, որ նա միաժամանակ ՀԱՊԿ անդամ է և Հայաստանում ռուսական ռազմաբազա կա։ Բայց եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և դուրս բերի ռուսական ռազմաբազան, ապա նրա անդամակցությունը ԵԱՏՄ-ին բացարձակապես ձեռնտու չէ Ռուսաստանին։ Եվ սա է հիմնական պատճառը, որ Փաշինյանը դեռևս ոչ մի կտրուկ քայլ չի անում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, թեև Արևմուտքն իրոք ճնշում է նրան և հասնում է հենց դրան։

Բայց Փաշինյանը հիանալի հասկանում է, որ եթե դա անի, ապա Հայաստանը կարող է ինքնաբերաբար կորցնել իր տեղը ԵԱՏՄ-ում։ Եվ ոչ մի Ամերիկա, ոչ մի Եվրոպա որևէ կերպ չի կարող փոխհատուցել այդ բոլոր կորուստները։ Չնայած նրան, որ Փաշինյանը և նրա մի շարք նախարարներ վերջերս բավականին հաճախ են հայտարարություններ անում, որ պատրաստ են անդամակցել ԵՄ-ին, մենք հիանալի հասկանում ենք, որ այնտեղ նրանց ոչ ոք չի սպասում»,-եզրափակել է Ռոդիոնովը։

Այս խորագրի վերջին նյութերը