Քաղաքական

05.06.2024 14:37


Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022-ին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի առաջարկին. ՌԴ ԱԳ փոխնախարար

Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022-ին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի առաջարկին. ՌԴ ԱԳ փոխնախարար

Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ մոնիտորինգի անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ»,-ասել է դիվանագետը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ։ Միևնույն ժամանակ, ըստ Գալուզինի, Արևմուտքի նպատակները, որտեղ Հայաստանի ղեկավարությունն այժմ ակտիվորեն փնտրում է անվտանգային նոր գործընկերներ, լրիվ հակառակ բնույթ ունեն։

«Հիմնական նպատակներից մեկը Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացները խարխլելն է, մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, նրանց համար կոկորդում մնացած ոսկոր են: Այս նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի, ներառյալ Ռուսաստանին հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացումը։ Շահարկվում են ներտարածաշրջանային հակասությունները: Նման գործընկերներին չի կարելի վստահել։ Ազգային շահերը և հայկական պետության կայունության ամրապնդումն Արևմուտքի առաջնահերթություններից չեն։ Ընդհակառակը, նրան ձեռնտու է լարվածության օջախներ պահպանել հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանին թուլացնելու համար, որն ըստ էության մնում է այստեղ անվտանգության գլխավոր երաշխավորը»,-եզրափակել է Գալուզինը:

***

Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ Երևանը, թվում է, ցանկացել է «օգտվել պահից այն պայմաններում, երբ Արևմուտքը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում փոխգործակցության ամրապնդման, այդ թվում՝ անվտանգության ոլորտում»։

«Սակայն չմտածված որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ամբողջական հասանելիություն ազգային տվյալների բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկություններին, ոչ միայն ի վերջո սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,-ասել է դիվանագետը:

Գալուզինը վստահություն է հայտնել, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից և ծառայում է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

«Անդամակցությունը կազմակերպությանը, ինչպես նաև ռազմական ոլորտում սերտ կապերը մեր երկրի հետ, դարձել են անկախ Հայաստանի զարգացման առանցքային գործոնը վերջին տասնամյակների ընթացքում: Անկախ նրանից, թե ինչ են խոստանում Երևանին արևմտականները, այսօր ՀԱՊԿ-ին, որպես Հայաստանի անվտանգության ապահովման մեխանիզմի, արդյունավետ այլընտրանքներ չկան»,-ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը