Քաղաքական

05.06.2024 08:58


ՀՀ-ն սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. Գալուզին

ՀՀ-ն սկսել է խուսափել ՌԴ-ի հետ շփումներից ԱԳՆ-ի և ՊՆ-ի գծով. Գալուզին

Հայաստանը դադարել է շահագրգռվածություն ցուցաբերել Ռուսաստանի հետ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների գծով շփումներում, ինչն Արևմուտքի ճնշման հետևանք է: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

«2023 թվականի նոյեմբերից ի վեր արտգործնախարարների հանդիպում չի եղել։ Գործընկերները հետաքրքրություն չցուցաբերեցին մեր առաջարկության նկատմամբ, այն է` մշակել և կնքել միջգերատեսչական խորհրդատվությունների հերթական ծրագիրը։ Մեր մեղքով չէ, որ նկատելիորեն նվազել է պաշտպանական գերատեսչությունների գծով շփումների դինամիկան ։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Սրանում մենք տեսնում ենք Արևմուտքի ճնշման արդյունքը, որը փորձում է Երևանին ստիպել նվազագույնի հասցնել կապերը մեր երկրի հետ»,-նշել է Գալուզինը։

Այնուամենայնիվ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ռուսական կողմն ակնկալում է՝ խնդրահարույց հարցերի վերացման ուղղությամբ աշխատելու Հայաստանի իշխանությունների հրապարակային արտահայտված մտադրությունը կյանքի կկոչվի, ինչին իրենք պատրաստ են։

***

Մոսկվան վերահաստատում է իր պատրաստակամությունն աջակցելու Երևանի և Բաքվի հաշտեցմանը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը դրական է գնահատում խաղաղության պայմանագրի մշակման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումները, որոնք տեղի են ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ղազախստանում։ Ինչպես շեշտել է Գալուզինը, սա ևս մի կարևոր քայլ էր Հարավային Կովկասում խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին։

«Մոսկվան արդեն երկու անգամ՝ 2023 թվականի մայիսին և հուլիսին, ընդունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների փուլերը։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստելու փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության ու բարգավաճման»,-նշել է դիվանագետը։

Գալուզինը նաև բարձր է գնահատել նաև Աստանայի դերը հայ-ադրբեջանական շփումների համար հարթակ տրամադրելու հարցում։

«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, բացի խաղաղության պայմանագրի կնքումից, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, համատեղ սահմանի սահմանազատում, քաղաքացիական միությունների գծով շփումների զարգացում»,-հավելել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը