Քաղաքական

01.06.2024 18:40


Կիրանցում հեռացրել են գյուղի մուտքի արծվի արձանը

Կիրանցում հեռացրել են գյուղի մուտքի արծվի արձանը

Կիրանցում, կամուրջից 100 մետր դեպի գյուղ, գետի մոտ դրված սահմանազատման սյուներից մեկը գետը քշել տարել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը` նշելով, որ ոչ սյունը կար, ոչ էլ այն հսկող երկու ծառայողները:

«Ամենայն հավանականությամբ սյունը դեռ օրեր առաջ է քշել տարել, երբ Դեբետ եւ Աղստեւ գետերը վարարել էին: Դա գյուղին ամենամոտիկ սյուներից մեկն էր»,-ասաց նա: Կիրանցեցին նշեց, որ թեեւ սահմանազատումը իրականացվել է, սակայն այդ հատվածում դեռ ադրբեջանցիներ չեն տեղակայվել, սպասում են` այլընտրանքային ճանապարհը կառուցվի:

«Որ տեղակայվեն արդեն տներից 100 կամ 50 մետր հեռավորության վրա են լինելու ու դժվար է այդ իրավիճակում կռահել, թե ինչ որոշում կկայացնի գյուղացին, մնա գյուղում, թե` հեռանա»,-հավելեց նա: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանն էլ NEWS.am-ին հայտնեց, որ այս պահին հեռացնում են Կիրանցի մուտքի մոտ տեղադրված հանրահայտ արծվի արձանը:

«Մաքրվում ենք արդեն, էլ անելու բան չկա, մեռելը թաղել ենք, մենք էլ մտածենք ապրելու համար: Դեռ բնակիչները չեն լքում գյուղը, բայց պետք է հասկանանք` ինչ ենք անում, դեռ ոչ մի բան չենք հասկանում: Այլընտրանքային ճանապարհ են սարքում, ադրբեջանցիները դեռ չեն իջել լիարժեք այդ երեք կետի մոտ, դեռ հին ճանապարհը աշխատում է, երեւի մինչեւ հուլիսի 24-ը այլընտրանքային ճանապարհը սարքեն, նոր կիջնեն»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ Փաշինյանը այցելել էր գյուղ, ցանկացել հանդիպել գյուղացիների հետ, սակայն կիրանցեցիները շատ վատ էին ընդունել նրան, դրսում մեղադրանքներ էին հնչեցրել, հրաժարվել հանդիպել դպրոցի շենքում: Կիրանցի բնակիչներից շատերը նաեւ հրաժարվել են կառավարության փոխհատուցումից` իրենց տների, շինությունների կամ հողատարածքների համար:

Այս խորագրի վերջին նյութերը