Կարծիք

28.05.2024 20:50


Այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ

Այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ

Սարդարապատի սուրբ կոթողի առջև մի խումբ ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ, պատճառաբանելով պետական արարողակարգի արգելող հրամանը, անամոթաբար և անպատկառ կերպով կանգնեցին Ամենայն Հայոց Հայրապետի և Նորին Սրբությանն ուղեկցող հոգևորականների առջև՝ արգելելով մոտենալ սուրբ կոթողին՝ աղոթք մատուցելու և հարգանքի խոնարհում բերելու:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը:

«Ոչ միայն կանգնեցին, այլև քաշելով ու հրելով փորձեցին կանգնեցնել Հայոց Հայրապետին ու Հայրապետական թափորը:

Եվ այս ամենին Հուշակոթողի մոտից լուռ հետևում էին ԱԺ նախագահության անդամներ, պատգամավորներ, պետական պաշտոնյաներ...

Նայում էին, թե ինչպես են անարժանապատիվ որոշ ուժայիններ հոգևորականներին և Հայոց Հայրապետին հրում ու քաշքշում:

Ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, որ հրաման տվեցիք և այդ ստոր հրամանը կատարեցիք, ամոթ ու նախատինք ձեզ բոլորիդ, Խորհրդարանի այդ պահին ներկա ղեկավարներ ու անդամներ, որ անզգամաբար մասնակցեցիք այդ խայտառակությանը:

Անմիտներ, այդ Հուշակոթողի ճանապարհն իր ժամանակին Իր հերոսական պահվածքով ու կոչով ու գործողություններով բացել են Հայոց Կաթողիկոսը և նաև զինվորյալ հոգևորականները: Եվ հիմա դուք համարձակվում էիք խոչընդոտե՞լ, փակե՞լ Հայոց Հայրապետի մուտքը դեպի Հուշակոթող. ստացա՞ք արժանին: Անարգված անոթների պես, ի վերջո, աջ ու ձախ շպրտվեցիք, և Հայոց Վեհափառ Հայրապետի թափորը բարձրացավ ու մոտեցավ Հուշակոթողին:

Իսկ դուք, խայտառակությանը ներկա երեսփոխաններ ու պետական պաշտոնյաներ, մնացիք պատերի տակ մեղկացած կանգնած:

Դուք ձեզ հերթական անգամ տրորեցիք ու ոչնչացրեցիք, դուք ինքներդ հերթական անգամ փաստեցիք, որ Հայոց Պետության ու ազգային արժեքների հետ ոչ մի աղերս չունեք: Այլևս ապաբարոյական կերպարներ եք:

Հայոց Եկեղեցին ազգային բացարձակ արժեք է, և այս սուրբ հաստատությունը խտացյալ կերպով ներկայանում է միմիայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծյալ անձով, Ով մարմնացումն է Հայոց Հայրապետության սուրբ գաղափարի: Հետևաբար, անմիտ ու անզգամ արարքով դուք ձեռք բարձրացրեցիք բովանդակ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա:

Ամենայն խստությամբ դատապարտում եմ այդ գործողությունը և բոլոր նրանց, որոնք հրաման տվեցին, գործադրեցին և լուռ ներկա գտնվեցին:

Սակայն, ինչպես երեկ, նույնպես այսօր և ընդմիշտ կբացվեն բոլոր ճանապարհները Հայոց Հայրապետի և Իր առաջնորդությանը հանձնված Հայոց Եկեղեցու առջև»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը