Քաղաքական

28.05.2024 11:04


ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված եկեղեցիների, գերեզմանոցների ավերմանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի արձագանքել Արցախում իսպառ ոչնչացված եկեղեցիների, գերեզմանոցների ավերմանը

Monument Watch-ը ահազանգում է․

Սկսած 2021 թվականից պաշտոնական Ադրբեջանն առաջ է մղում այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը, որի տակ ադրբեջանական քարոզչամեքենան հասկանում է ներկայիս ՀՀ տարածքը: Այս կերպ Ադրբեջանն առանց թաքցնելու անուղղակի և շատ դեպքերում նաև ուղղակի կերպով սկսում է տարածքային նկրտումներ ցուցաբերել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ կեղծ պատմական, ժողովրդագրական «փաստարկներ» մեջբերելով, աղավաղելով պատմական և արխիվային տվյալները:

2022 թվականին գրանցվեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», որը «Ադրբեջանի փախստականների միություն» ՀԿ-ի 2022 թվականի օգոստոսին վերափոխված անունն է։ Ադրբեջանն այս հասարակական կազմակերպությանը տվեց պաշտոնական դիրք, համայնքի գրասենյակ այցելեց Իլհամ Ալիևը, իսկ մայիսի մեկին Բաքվում բացվեց «Արևմտյան Ադրբեջան» պետական հեռուստատեսությունը:

Ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում առաջին հերթին հայտնվել են Երևան քաղաքը և Երևանի մզկիթները: Հիմնական թեզն այն է, թե հայկական կողմը միտումնավոր կերպով ոչնչացրել է քաղաքի իսլամական մշակութային ժառանգությունը, քանի որ այն ադրբեջանական է: Այս թեմայի շուրջ վերջին տարիներին նկարահանվել են նաև բազմաթիվ հաղորդումներ, տեսանյութեր:

Այս առնչությամբ հարկ ենք համարում նշել, որ Երևան քաղաքում գտնվող մզկիթների մասին կան բազմաթիվ հրատարակություններ սկսած դեռ 19-րդ դարից: Դրանք նկարագրել են այդ թվում և հայ հետազոտողները, ճանապարհորդները՝ արժեվորելով դրանց ճարտարապետության ու հարդարանքի առանձնահատկությունները: Այս թեման չի շրջանցել նաև 20-րդ դարի հայ ակադեմիական միտքը: Երևանին նվիրված աշխատանքներում, բնականաբար, ներկայացված են քաղաքի մզկիթները և իսլամական կառույցները (տե՛ս, օրինակ, Շահազիզ 2003, 165-166, Հակոբյան 1971, 366):

Երևանի իսլամական հուշարձանների զգալի մասը կառուցվել է 17-19-րդ դարերում, երբ քաղաքը, ինչպես և ամբողջ Արևելյան Հայաստանը գտնվում էին պարսկական տիրապետության տակ, իսկ Երևան քաղաքը պարսկական խանության կենտրոն էր: Երևանի իսլամական բնակչությունը բազմազգ էր: Այստեղ բնակվում էին պարսիկներ, թյուրքական տարբեր ցեղերի ներկայացուցիչներ, ովքեր 19-րդ դարի փաստաթղթերում նշվում էին որպես թաթարներ: Երևանի մզկիթները պարսկական 17-19-րդ դարերի կրոնական ճարտարապետության օրինակներ են, ուստի խոսել դրանց ադրբեջանական ճարտարապետության մասին ինքնին արդեն անհեթեթություն է:

Երբ Երևանը և ամբողջ Արևելյան Հայաստանը միացվեցին ռուսական կայսրությանը, այդ ժամանակ հայտնվեցին Երևանի մզկիթների, դրանց ֆիզիկական վիճակի մասին առաջին նկարագրությունները, որոնք բոլորն էլ հրատարակված են: Կարող ենք փաստել, որ Երևանի առավել մեծ թվով միաժամանակ գոյություն ունեցած մզկիթների մասին վկայությունները վերաբերում են 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին: 19-րդ դարում Երևանում հիշատակվել են գործող 6, որոշ տվյալներով 7 մզկիթ (Պետրոսյան 2018, 179): Հարկ ենք համարում նշել, որ համաձայն 19-րդ դարի արխիվային տվյալների և նկարագրությունների՝ մզկիթների մի մասը չէր գործում, կային նաև վթարային վիճակում գտնվողները, ինչը պայմանավորված էր ռուս-պարսկական պատերազմով և ռուսական իշխանությունների կողմից արված վերակառուցումներով: Սրա հետևանքով վթարային էին Երևանի բերդի տարածքում գտնվող մզկիթները: Իսկ Երևանի բերդը պատկանում էր ռուսական զինվորական իշխանություններին (Պետրոսյան 2018, 177-179, 196-197):

Ադրբեջանական քարոզչամեքենան առաջ է տանում այն թեզը, որ Երևանի մզկիթների մեծ մասը խորհրդային տարիներին իբր միտումնավոր կերպով քանդվել են հայերի կողմից՝ Երևանը «հայկականացնելու» նպատակով: Ցավոք, ադրբեջանական կողմից ծայրահեղ քաղաքականացված և քարոզչական շեշտադրումներով առաջ շարժվող պատմական միտքը միակողմանի կերպով է մեկնաբանում Երևանի մզկիթների հարցը:p

Պետք է նշել, որ 1930-1940-ական թվականներին Երևանի մզկիթներից շատերը քանդվեցին խորհրդային աթեիստական քաղաքականության հետևանքով: Այդ նույն տարիներին քանդվեցին նաև Երևանի պատմական եկեղեցիների մեծ մասը՝ Պողոս-Պետրոս եկեղեցին, Կաթողիկե սուրբ Աստվածածինը, Հին Նորք թաղամասի սուրբ Սիմեոն Ծերունու և սուրբ Աստվածածին եկեղեցիները, Գեթսեմանի մատուռը, 20-րդ դարասկզբին կառուցված և որպես Երևանի գլխավոր տաճար հանդիսացող սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Երևանի կենտրոնում գտնվող ռուսական Նիկոլաևյան սուրբ Աննայի եկեղեցին, Մլերի գերեզմանատան եկեղեցին, պատմական Կոզեռն գերեզմանատան եկեղեցին և այլն: Ինչու՞ ադրբեջանական կողմը չի խոսում սրա մասին: Ստացվում է, «Երևանը հայկականացնելու մոլուցքով տարված հայերը» տարօրինակաբար քանդեցին քաղաքի հին և պատմական եկեղեցիները, գերեզմանատները, մատուռները, խաչքարերը:

Երևանում ադրբեջանական քարոզչամեքենայի թիրախում ի մասնովորի վերջերս հայտնվել է Երևանի պատմական Կոնդ թաղամասը և այնտեղ գտնվող մզկիթը: Երկուսն էլ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայտարարվել են ադրբեջանական: Վերջին տարիներին Երևանի «ադրբեջանականացման» հարցերով զբաղվում է պատմաբան, հնագետ Սաբուհի Հուսեյնովը, ով պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում և հեռուստատեսությամբ հանդես է գալիս Երևանի անցյալի մասին իր դատողություններով և եղած փաստերը, արխիվային նյութերը միակողմանի ներկայացնելով (https://www.facebook.com/photo?fbid=7814421941905404&set=a.355576257790047): Վերջինիս թիրախում հատկապես Կոնդն է (https://baki-xeber.com/6708-irevanin-tepebasi-mehellesinin-satilmasi-azerbaycan-medeni-irsine-qarsi-cinayetdir.html ):

Կոնդի մզկիթը գտնվում է համանուն թաղամասի կենտրոնում: Մզկիթի կառուցման մասին, ցավոք, ստույգ տվյալները բացակայում են, այն ամենայն հավանականությամբ, կառուցվել է 18-րդ դարերում (Պետրոսյան 2018, 193): Մզկիթը ներկայումս պահպանվել է մասնակի, ինչը 1980-ական թվականներին փլուզման հետևանքն է: Շինությունը վթարային էր և մասնակի փլուզումը կատարվել է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հետևանքով (թեև որոշ բնակիչներ նշում են, որ փլուզումը եղել է դեռևս 1987 թվականին): Մզկիթի մասին հիշատակումները շատ քիչ են: Մզկիթի հին ոչ մի լուսանկարում չի երևում նրա մինարեթը: Կենտրոնում այն ունեցել է գունավոր ջնարակապատ հախճասալերով պատված գմբեթ (նկ. 1): Ներկայումս մզկիթի ներսում կան բնակվող ընտանիքներ: Վերջիններիս նախնիները 1915 թվականին Երևանում ապաստանած գաղթականներ էին, ովքեր Երևանում բնակվել են արդեն այդ տարիներին լքված մզկիթում (համաձայն բնակիչների բանավոր ինֆորմացիայի):

Ադրբեջանական քարոզչամեքենան սկսած 2021 թվականից սկսեց խոսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մշակութային ժառանգության մասին: Միևնույն ժամանակ, «Արևմտյան Ադրբեջան» կոչվող համայնքն սկսեց տարածել ՀՀ-ում գտնվող և իբր հատուկ հայերի կողմից ոչնչացված իսլամական մշակութային ժառանգության մասին թեզը՝ չբերելով որևիցե հիմնավորում ու փաստեր: Այս հասարակական կազմակերպությունը նաև սկսեց պարբերաբար նամակներ ուղարկել միջազգային կառույցներ՝ ՀՀ տարածքում «ադրբեջանական» հուշարձանների մշտադիտարկման պահանջով: Վերջին նմանատիպ դիմումներից մեկը՝ Ադրբեջանական հասարակական կազմակերպությունների բաց նամակը ուղարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային՝ 2024 թվականի մայիսի 7-ին։

Նամակում, ի մասնավորի նշված է, որ «Մենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս» կոչ ենք անում ՅՈՒՆԵԿՕ-ին միջոցներ ձեռնարկել ՀՀ-ում ադրբեջանական ժողովրդի նյութական և մշակութային ժառանգության ոչնչացումը դադարեցնելու համար»։ Նամակում նշված է, որ իբրև թե Հայաստանում պատմականորեն ապրել են ադրբեջանցիներ, և ոչնչացման քաղաքականություն է իրականացվել ադրբեջանցիներին պատկանող ողջ ժառանգության նկատմամբ։ Այսօր այստեղ 1870 թվականին գրանցված 269 մզկիթներից պահպանվել է միայն 1-ը, ավերվել են հարյուրավոր ադրբեջանական գերեզմաններ։

Նամակի շարունակական ընթերցմամբ տեղեկանում ենք, թե իբր Կոնդը (ադրբեջանական անվանմամբ՝ «Էրիվանի Թեփեբաշի» թաղամասը) ժամանակին ադրբեջանցիներով բնակեցված քաղաք է եղել, որի պատմական անունը փոխվել է Կոնդի:

Նամակում կոչ է արվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր պաշտպանության տակ վերցնել «Թեփեբաշը թաղամասը՝ որպես համաշխարհային մշակութային ժառանգության եզակի օրինակ»։ Նամակը եզրափակվում է այն մտքով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է փաստահավաք առաքելություն ուղարկի ՀՀ և անհապաղ քայլեր ձեռնարկի ադրբեջանական նամակում նշված Թեփեբաշի, իրականում Կոնդ թաղամասի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը