Քաղաքական

28.05.2024 09:35


Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա․ «Հրապարակ»

Պարգևավճարներ և գեներալի կոչում են տալիս ու քսի տալիս ժողովրդի վրա․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Երեւանում խաղաղ անհնազանդության ակցիաներ էր անում, փողոցներ փակում, ինչից` փողոց փակելով իշխանության եկած ՔՊ-ն ու նրա ոստիկանները շատ են վրդովվում: Կարմիր ու սեւ բերետավորները գազազած հարձակվում էին մարդկանց վրա` քաշքշում, ոստիկանություն տանում:

Այնպիսի ազարտի մեջ էին ընկել, որ առավոտյան քաշքշուկի կենտրոնում էր հայտնվել Իրանում, Կատարում, Էմիրություններում մեր նախկին դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, իսկ ավելի ուշ դաժան ծեծի էր ենթարկվել ԱԺ Հայաստան խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Աշոտ Սիմոնյանը: Վերջինիս նկատմամբ վայրագ գործողություններն իրականացրել էին ոստիկանության զորքերի 1031, 1032 և Ոստիկանության Երևանի վարչության, հատուկ նշանակության գումարտակի ծառայողները։

Դաշնակցական պատգամավորին առանձնակի դաժանությամբ ծեծող խուժանի պես հայհոյող ենթականերին տեղում հետեւում էին 1031-ի հրամանատար գնդապետ Տիգրան Սարգսյանը եւ 1032-ի հրամանատար Հովհաննես Զաքարյանը: Իսկ բուն գործողություններից մի քանի մետր հեռավորության վրա իր ղեկավարած վայրենիներով պարծենում էր ՈՍ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ով թերեւս հենց այս վայրագությունների համար իշխանությունների կողմից երեկ պարգեւատրվեց` ստանալով գեներալ-մայորի զինվորական կոչում, ինչի մասին նախապես մենք գրել էինք։

Աշոտ Սիմոնյանի նկատմամբ վայրագությունների փաստով Արամ Վարդեւանյանը երեկ հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն, որում նաեւ անուններ է հիշատակել, թե ովքեր են ջարդարարները։

Մի մանրամասն եւս. սույն Հայկ Բաբայանը ուրբաթ օրը ոստիկանական զորամասերի հրամանատարների` դաստիարակչական գծով տեղակալներին հավաքել է իր մոտ եւ հանձնարարել` զորքի հետ աշխատել այս օրերին, դուխ տալ, որ ցուցարարների նկատմամբ հատուկ կոշտ վերաբերմունք դրսևորեն:

Իրենց հայրենիքի համար պայքարի ելած մարդկանց ծեծել-ջարդելու, շարժումը ճնշելու գործը Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է իրականացնել սույն նորաթուխ գեներալին, ՆԳ նախարարի կին տեղակալ Արփինե Սարգսյանին եւ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, ով երեկ լրագրողների հետ զրույցում չէր կարողանում թաքցնել իր ատելությունն ու անհարգալից վերաբերմունքը Բագրատ սրբազանի եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը