Քաղաքական

28.05.2024 07:53


Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է

Հայաստանի Առաջին Հանրապետությունը ծնունդ է առել 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից և Ղարաքիլիսայից հետո:

Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կասեցրին թուրքական ներխուժումն Անդրկովկաս՝ կանխելով Հայաստանի լիակատար ոչնչացումը:

Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը:

Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և Հանրապետությունը խորհրդայնացվեց:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում։

Չնայած կարճ կյանքին՝ Առաջին Հանրապետության դերն անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում:

«Մայիսի 28–ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28–ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»,–ասել է ՀՀ առաջին վարչապետ Հովհ. Քաջազնունին։

Այս խորագրի վերջին նյութերը