Քաղաքական

26.05.2024 09:39


Արտակարգ իրավիճակ Երևանում․ Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենաներ են ջարդվում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Արտակարգ իրավիճակ Երևանում․ Արշակունյաց պողոտայում առաջացած փոսի պատճառով մեքենաներ են ջարդվում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հերթական արտակարգ դրությունն է Երևանում։ Այս մասին ուշ գիշեր իրականացված ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ հայտնել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա տեղեկացրել է, որ Արշակունյաց պողոտայի վրա մեծ վիհ է առաջացել, ինչի հետևանքով մեքենաներ են ջարդվում։

«Խայտառակ տեսարան է։ Տեսե՛ք մերօրյա Երևանի վիճակը։ Մեքենաներ են էստեղ ջարդվում»,-նշել է Մանուկ Սուքիասյանը։

Տեղում է եղել նաև ջարդված մեքենաներից մեկի սեփականատեր Վլադիմիր Մանուկյանը, ով ընդգծել է, որ իր մեքենան ամբողջությամբ շարքից դուրս է եկել։

«Ամբողջ քաղաքում փոսեր են, փլուզումներ, գետեր են հոսում, ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չպե՞տք է կրի։ Մենք այդքան գույքահարկ ենք տալիս, մեր մեքենաները սարքում ենք, որ գանք էսպես ջարդե՞նք, ու ոչ մեկ դրա համար պատասխանատվություն չկրի՞»,-ասել է քաղաքացին՝ հավելելով, որ պարտադիր փոխհատուցում է պահանջելու քաղաքապետարանից։

Մանուկ Սուքիասյանն էլ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ մեր երկիրը՝ քաղաքից մինչև սահման, գտնվում է խայտառակ վատ վիճակում։

«Էս իշխանությունները մայրաքաղաքից մինչև սահման տապալվել են, տապալվում են ու շարունակելու են տապալվել։ Երևանում էլ քո տուն գնալու ճանապարհին կարող է քո մեքենան դառնալ մետաղաջարդոն, որովհետև ինչ-որ մարդիկ փորձում են ստով ու կեղծիքով խաբել»,-ասել է Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ Երևանից սկսած մինչև հանրապետության սահմաններ պետք է տեղի ունենա իրավիճակի փոփոխություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը