Քաղաքական

25.05.2024 09:29


Փաշինյանն ուզում է իրեն ազատել պատասխանատվությունից և այն ուրիշների վրա գցել․ Ձերմանտ (տեսանյութ)

Փաշինյանն ուզում է իրեն ազատել պատասխանատվությունից և այն ուրիշների վրա գցել․ Ձերմանտ (տեսանյութ)

Ռուս-բելառուսական փորձագիտական ակումբի փորձագետ Ալեքսեյ Ձերմանտը Alpha News-ի եթերում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը ցանկանում է իրեն ազատել պատասխանատվությունից և այն ուրիշների վրա գցել։

«Նախ պետք է հասկանալ, որ ո՛չ Բելառուսը, ո՛չ Ռուսաստանը կապ չեն ունեցել Ղարաբաղի շուրջ հակամարտության սկսման հետ։ Այս երկու պետությունները բազմիցս ջանքեր են գործադրել այս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար։ Իսկ Ռուսաստանին ու Բելառուսին մեղադրել այն բանում, որ նրանք օգնել են Ադրբեջանին պատերազմի նախապատրաստվելու հարցում, իմ կարծիքով, սխալ է ու ոչ կոռեկտ։

Ըստ էության, հայկական կողմն ինքը չի ճանաչել Արցախի անկախությունը և անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել պատերազմի ժամանակ։ Ով, եթե ոչ Հայաստանը պետք է զբաղվեր անվտանգության հարցերով։ Ինձ թվում է, որ Փաշինյանն այս դեպքում փորձում է իր վրայից հանել պատասխանատվությունը և այն բարդել երրորդ կողմերի վրա։ Ոչ ոք չի խանգարել Հայաստանին տարիներ շարունակ պատրաստվել այս պատերազմին։ Այդ խնդիրը ներկայիս հայկական ղեկավարությունը և նախորդը չեն կատարել»,-ասել է Ձերմանտը:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանին առիթ է պետք դեպի արևմուտք շրջվելու համար։

«Բելառուսն ու Ռուսաստանը բազմիցս ջանքեր են գործադրել, տարբեր տարբերակներ են առաջարկել հակամարտության կարգավորման համար։ Արդյունքում, դրանք բոլորը հայկական կողմից մերժվեցին, ինչի արդյունքում Ադրբեջանը գնաց մարտական գործողությունների։ Ահա այստեղ պետք է փնտրել խնդրի արմատը, կատարվածի պատճառը, այլ ոչ թե մեղադրել երրորդ երկրներին։ Ինձ թվում է, որ Փաշինյանի համար սա պարզապես մանիպուլյացիայի նման մանևր է՝ պատասխանատվությունից ազատվելու համար։

Դե, ինչպես ես եմ հասկանում, նրան առիթ է պետք ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրումից դեպի Արևմուտք շրջվելու համար, և դրա համար էլ առիթ է փնտրում։ Այս դեպքում առիթն այն է, որ Ռուսաստանն ու Բելառուսն իբր ինչ-որ աջակցություն չեն ցուցաբերել և չեն ցուցաբերում։ Ուստի ինձ թվում է, որ այս առիթը հատուկ է՝ դեպի Արևմուտք շրջադարձն արդարացնելու համար ՝ Բելառուսին և Ռուսաստանին մեղադրելով դաշնակցային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ»,-եզրափակել է Ձերմանտը։

Այս խորագրի վերջին նյութերը