Քաղաքական

17.11.2011 16:48


Հասկանալ բարեկամ արաբ ժողովրդին

Հասկանալ բարեկամ արաբ ժողովրդին

Վարչապետը «պադյեզդում» կանգնող անչափահասի մտածելակերպով բարձրաձայնում է իր պապի խորհուրդը` «ընկերություն չանել չխմողների հետ» և ցավ է հայտնում, որ ՄՀՀ–ում ունեցած ելույթի ժամանակ խմած չի եղել: Եվ սա այն մարդն է, ում հանրությանը դեմ են տալիս եվրոիմիջով և ասկետի «փափախով»։

Հետո կասենք, թե ինչու են հասարակության մեջ դպրոցական տարիքից իշխում կեղծ գողական արժեքները: Ենթադրվում է, որ վարչապետի պապը հազար ու մի լավ խորհուրդներ տված կլինի Տիգրանին, բայց եթե վարչապետը մտքում պահել է միայն չխմողների հետ ընկերություն անել–չանելու պահը, ապա էլ ինչ ասես:

Վարչապետը երկրի բոլոր հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ, փաստացի, ալկոհոլի գովազդով է զբաղված: Չէ, ավելի ճիշտ զբաղված է ալկոհոլիզմի՛ գովազդով: Իսկ ահա ալկոհոլի գովազդով զբաղված էր մեկ տարի առաջ, երբ պալատական կոնյունկտուրայից ելնելով դարձել էր «Բարով-Խերով» օղու գովազդային գործակալը։

Բայց սա վերջը չէ. Վարչապետի գլխավորած  կառավարության բարձրաստիճան պաշտոնյան Եվրամիության հետ բանակցությունների ժամանակ պոռնոսայթեր է նայում, իսկ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդականը պարզվում է, որ մանկապղծությամբ է զբաղվել։ Ու էսքանից հետո մեզ ասում են, թե ամեն ինչ նորմալ է։ Սա էլ հերիք չէ, նրա Էներգիտիկայի նախարարը ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ «շարիկ» է խաղում: Երկու օր առաջ մարզպետը մայրաքաղաքի կենտրոնում կին գործարար է ծեծում: Հետո` ի՞նչ: Ոչինչ։ Էլի ամեն  ինչ նորմալ է: Եպիսկոպոսը նրա  կուսակցության համագումար է օրհնում ու «Բենթլի» նվեր ստանում. էլի ամեն ինչ նորմալ է:

Լավ, վաղը մեր երեխաներին ինչպե՞ս բացատրենք, որ ալկոհոլիզմը վատ բան է, որ հասուն տղամարդու համար աշխատանքի ժամին պոռնոսայթեր նայելը`  անբավարարվածության և այլասերվածության դրսևորում,  որ կարևորագույն քննարկման ժամանակ նախարարի «շարիկ» խաղալը` մառազմ… Էլ որ մեկն ասես:

Լավ, ինչպես բացատրես, որ 10 հազար հոգու առաջ հարբած ելույթ չեն ունենա: Եվ որ բոլոր նորմալ երկրներում դրանից հետո հրաժարական են տալիս ու փորձում թաքնվել, ասենք, Իսպանիայում վաղուց ձեռքբերված բնակարանում:

Եթե այս ամենը հանդուրժվում է, ուրեմն մենք, նորմալ չենք: Ոչ թե սրանք են աննորմալը, այլ` մենք, որ հանդուրժում ենք:

Ցանկացած իշխանություն ունի կարևորագույն պատմական ֆունկցիա` կրթել և դաստիարակել հասարակություններին: Մեզ, փաստորեն, կրթում են այսպես…

Ի դեպ, պապս էլ մի լավ խոսք ուներ, որը հնարավոր չէ լրագրողական բառապաշարով նկարագրել, իսկ ահա դրա ֆոտո-վիդեո տարբերակը մենք տեսանք միջազգային հեռուստաալքիներով Քադաֆիի և նրա մեջ հայտնված իրի պատկերով:

Արման Սահակյան

Այս խորագրի վերջին նյութերը