Քաղաքական

24.05.2024 09:49


Աղավնոյի պատմությունը կրկնվում է․ «Հրապարակ»

Աղավնոյի պատմությունը կրկնվում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Տավուշի ուժային կառույցների և մարզպետարանի ներկայացուցիչները եռանդով աշխատում են կիրանցեցիների վրա՝ համոզելով ստորագրել հանձնվելիք տների ու հողերի փոխհատուցման վերաբերյալ դիմումի ձևաթղթերի տակ։ Երեկ հայտնվեց դիմում-ձևաթուղթը, որով բնակիչները կառավարությանը խնդրում են գույքի դիմաց փոխհատուցում տրամադրել իրենց․

«Հաստատում եմ՝ փոխհատուցման ենթակա գումարը ստանալու դեպքում հրաժարվում եմ Հայաստանի նկատմամբ բոլոր գույքային և ոչ գույքային հնարավոր պահանջներից»։ Միաժամանակ այս դիմումով նրանք լիազորում են Տավուշի մարզպետի աշխատակազմին՝ դիմում ներկայացնել Կադաստրի կոմիտե՝ «գույքի նկատմամբ իրավունքի դադարման պետական գրանցում կատարելու համար»:

Փոխհատուցման չափի ու հաշվարկների մասին դիմումի տեքստում բառ չկա, բանավոր խոստումներով մարդկանց համոզում են ստորագրել դիմումի տակ։ Ավելին, դիմումի ձևաթղթում թեև հղում է արվում կառավարության մայիսի 20-ի N 723-ԱԳ որոշմանը, սակայն կառավարության էլեկտրոնային կառավարման հարթակում՝ e-gov.am կայքում, նման որոշում երեկվա դրությամբ տեղադրված չէր։

Հիշեցնենք, որ խոսքը 54 անուն գույքի մասին է՝ 38 սեփականատերերով։ Այսինքն, մոտ 4 տասնյակ բնակիչ իր գույքն ու սեփականությունն է կորցնում: Երեկվա դրությամբ տեղեկացանք, որ փոխհատուցման առաջարկին համաձայնողների թիվը չի փոխվել՝ առայժմ 4 բնակիչ է համաձայնել, որոնցից երկուսը Կիրանցում այս պահին չեն ապրում, եկել, ստորագրել, գնացել են։

Երեկ կիրանցեցիներին տեղի ոստիկանապետը հրահանգել է դատարկել խանութները, դոմիկները։ Ոմանք փորձել են հրկիզել իրենց այգիներում տեղադրված հյուղակները, սակայն ոստիկանները կանխել են։ Աղավնոյի պատմությունը կրկնվում է՝ տներն անվնաս պետք է հանձնվեն թշնամուն»:

Այս խորագրի վերջին նյութերը