Կարծիք

18.12.2011 00:22


Սերժ Սարգսյանի պարտությունը կանխորոշված է

Սերժ Սարգսյանի պարտությունը կանխորոշված է

Եթե Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվեր արդար ընտրություններով, եթե նրա կառավարման տարիներին ժողովրդի կենսամակարդակն աղետալի անկում չարձանագրեր, եթե տնտեսվարողների թիվը աներեւակայելի արագությամբ չնվազեր, ապա միայն Սյունիքի մարզպետի հետ տեղի ունեցած իրադարձությունները եւ Շարլ Ազնավուրի դեմ սկսված «վարկաբեկում» գործողությունը բավական էին, որ գործող նախագահը հրաժարական տար:

Սակայն գործող նախագահը ոչ միայն հրաժարականի մտադրություն չունի, այլ նաեւ ծրագրում է ավելի ամրացնել իր իշխանությունը: Այսպես չէր լինի, եթե մեր քաղաքական դաշտը լիներ քիչ թե շատ կայացած, այսպես չէր լինի, եթե ազատ եւ անկախ կուսակցությունների թիվը շատ լիներ, եւ վերջապես այսպես չէր լինի, եթե «ընդդիմադիր» որոշ գործիչներ գաղտնի պայմանավորվածությունների սիրահար չլինեին:

Այսօր Սերժ Սարգսյանը, գիտակցելով, որ իր ուժը քաղաքական դաշտի անապատացման մեջ է, ամեն ջանք ու եռանդ գործադրում է ինքնուրույն կուսակցությունների հարցերը լուծելու համար: Հիմա նրա թիվ մեկ թիրախը Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ն է: Առավել քան պարզ է, որ Սերժ Սարգսյանը դեռ հույսեր ունի, որ կկարողանա Գագիկ Ծառուկյանին համոզել ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով: Եթե հույսեր ունի, ապա դա նշանակում է, որ ԲՀԿ-ն թույլ տեղեր ունի: Իսկ ԲՀԿ-ի թույլ տեղը քաղաքական թիմն է, ավելի ճիշտ դրա գրեթե բացակայությունը: Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ եթե այսօր ԲՀԿ խմբակցությունում լինեին քաղաքականապես գրագետ եւ քաղաքացիական խիզախություն ունեցող մարդիկ, ապա Սերժ Սարգսյանը հաստատ նման հույսեր չէր ունենա:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանի թիվ մեկ խնդիրը քաղաքական ամուր թիմի ստեղծումն է: Ավելին, այդ թիմը պետք է ձեւավորվի հնարավորին չափ շուտ: Կարելի է կռահել, որ երբ չաշխատեն ճնշման եւ սպառնալիքի մեթոդները, նախաձեռնողականությամբ աչքի ընկնող Սերժ Սարգսյանը սկսելու է ԲՀԿ-ին եւ նրա առաջնորդին բազմազան խոստումներ տալ, բայց այսօր նույնիսկ դպրոցահասակ երեխաներն են հասկանում, որ Սերժ Սարգսյանը ամեն ինչ անելու է ԲՀԿ-ի խնդրից վերջնականապես ազատվելու համար: Այնպես որ, խոստումները հաստատ չեն կատարվելու: Կարելի է վստահ լինել, որ այս մասին շատ լավ գիտի Գագիկ Ծառուկյանը, բայց մեկ անգամ եւս շեշտենք, որ եթե Ծառուկյանը գնա զիջման, կարծելով, թե հետո կկարողանա ուղղել մեջքը եւ լինել ինքնուրույն քաղաքական ուժ, ապա ինքն իրեն կխաբի:

Այսօր այնպես է ստացվել, որ Գագիկ Ծառուկյանի վարկանիշը շատ բարձր է, ինչի մասին գիտեն նաև նախագահական նստավայրում ու դրա համար են ընկել նրա հետևից: Ծառուկյանի բարձր վարկանիշի շնորհիվ էլ բարձր է նաեւ ԲՀԿ-ի վարկանիշը եւ փոշիացնել այս ամենը պարզապես հանցագործություն կլինի:

Ուշադրության  է արժանի նաեւ այն փաստը, որ յուրաքանչյուր նոր օր ավելի է մեծանում ԲՀԿ-ին աջակցողների եւ նրա հետ մեծ հույսեր կապողների թիվը: Զուգահեռաբար բացահայտվում են նաև բարգավաճական մոլախոտերը, ինչը նույնպես դրական երևույթ է։

ԲՀԿ-ին վստահողները մեր հասարակության տարբեր խավերն ու շերտերն են: Այս իրավիճակում բոլոր նրանք, ովքեր իսկապես պայքարում են գործող վարչախմբի դեմ, ի դեմս ԲՀԿ-ի կարող են տեսնել հուսալի եւ վստահելի գործընկեր, ահա սա է պատճառը, որ վարչախումբը գնալով ավելի նյարդային է դառնում: Սա է պատճառը, որ վարչախմբի ենթակայության տակ գտնվող լրատվամիջոցները բառիս բուն իմաստով կախվել են Ծառուկյանի փեշերից եւ նրան փորձում են հունից հանել:

Վարչախումբը ԲՀԿ-ի նկատմամբ չի փոխի իր մարտավարությունն ու ռազմավարությունը քանի դեռ վերջնականապես չի համոզվել, որ «Բարգավաճ Հայաստանն» ընտրություններին գնալու է սեփական ցուցակով: Ամենամոտ ապագայում արդեն, երբ ԲՀԿ-ն հանդես գա համապարփակ ծրագրերով, քաղաքական հզոր թիմով ու նոր դեմքերով, վարչախումն այլեւս ԲՀԿ-ին ծնկի բերելու մարտավարությունից ստիպված կհրաժարվի: Նրանք կհասկանան, որ իմաստ չունի ավելորդ ժամանակ եւ էներգիա ծախսել:

Հասկանալի է, որ համապատասխան գործընթացներից հետո Սերժ Սարգսյանի քաղաքական պարտությունն արդեն անխուսափելի կդառնա։ Նա խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը չափից դուրս շուտ սկսեց եւ դա արդեն իսկ մեծ սխալ էր, իսկ այս ընթացքում էլ այնքան սխալներ գործեց, որ կանխորոշեց իր պարտությունը: Անշուշտ, դեռ փորձեր կարվեն պարտությունից խուսափել, բայց դրանք միայն փորձեր կլինեն: ժողովուրդը այնքան խոհեմ է, որ չի կարող այս ճակատագրական պահին ինչ որ գումարով կամ խոստումով քվեարկել մի կուսակցության օգտին, որի ղեկավարը Սերժ Սարգսյանն է:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը