Կարծիք

24.05.2024 08:25


ՔՊ-ականներն ինչո՞ւ սրանից չեն խոսում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

ՔՊ-ականներն ինչո՞ւ սրանից չեն խոսում․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Մայիսի 9-ի հանրահավաքից ի վեր, ըստ երևույթին հրապարակի բազմության թվից վախենալով, ՔՊ-ականներն անընդհատ ֆեյք լուրեր են տարածում, թե՝ Բագրատ սրբազանի դեմքով ուիշներն են ուզում գալ իշխանության․ ժողովրդին համարում են ագենտներ և այլն։ Բագրատ սրբազանը, իրեն բնորոշ հումորով լավագույնս է ծաղրում ստերին։ Օրինակ, մոտենում է հացի տաղավար ու ասում է՝ ռուսական փողերով ինձ խաչապուրի տվեք կամ ասում է՝ Կանադայում ապրած 10 տարիներին Հայաստանում Ռուսաստանի ագենտ եմ աշխատել, դրանցով փշրում է ՔՊ-ականների ու ֆեյքերի՝ օրերով հորինած թեզերը։ Նրան լսում են, ազդեցիկ խոսք ունի։ Ես չեմ անդրադառնա ՔՊ-ի՝ այլևս չաշխատող այդ էժան թեզերին․ բայց քաղաքացիներին առաջարկում եմ խոսել հետևյալի մասին․ ՔՊ-ականներն անընդհատ ասում են՝ ահա տեսեք թե ում են ուզում բերել իշխանության և տալիս են անուններ․ բայց ես առաջարկում եմ խոսել, թե ով է գնում իշխանությունից, ում են ուզում հեռացնել իշխանությունից։ Թե ով է գալու, դա իրոք կարևոր է, որովհետև օճառի պես ամեն օր մաշվող երկիր են դարձրել, և եկողը պետք է փորձի կանխել, փրկել, եթե կուզեք։ Բայց այս պահին ամենակարևոր հարցը՝ իսկ ով է գնում իշխանությունից։

ՔՊ-ականներն այնպես են անհանգստանում, թե տեսեք հլը ովքեր են գալու, կարծես ուզում են ժողովուրդն էլ վախենա ինչպես իրենք են վախենում, անգամ տեղը բան չունեն ասելու․ հասկանում են, որ իրենք շատ ավելի վատն են, իրենց նկարագրած վատից։ Բայց դա էլ թող ասեն, թե ազնիվ են։ Նախ․ իշխանությունից հեռանալու է մարդ, որ պետություն է հանձնել։ 2021 թվականին էս մարդիկ գնացել են Կիրանց գյուղ ու ասել՝ սաղ հարցերը լուծվելու է ձեր սրտով․ 2024 թվականին ասում են՝ հանձնում ենք, այլ ճար չկա ու դա չգիտես ինչու ներկայացնում են որպես հաջողություն։ Խաբել ենք, բայց դե էս ա ու մի բան էլ ավել՝ լավ ա։ Այ ինքն է գնալու։ Իշխանությունից գնում է մարդ, որն ասում էր Հայաստանից ով մի միլիմետր տա դավաճան է, բայց այս պահի դրությամբ արդեն շուրջ 250 կիլոմետր տվել է։ Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետրը ոտնատակ են տվել 2021 թվականի քարոզարշավի ժամանակ ու էդ տարածքը փոքրացրել են։ Հա, բան չունեմ ասելու, կարող ա չեն ուզում հանձնել․ բայց իրենց սխալների արդյունքում ընկել են մի գծի մեջ, որտեղ ուղղակի չեն կարողանում կանգ առնել։

Իշխանությունից գնալու է մարդ, որն 180 աստիճան հակառակն է արել այն ամենի, ինչը խոստացել է։ Արդեն կես տարի է, որ համարյա ամեն օր ֆեյսբուքում մարդիկ են գրում, կանայք, բազմազավակ մայրեր, տարբեր ծանր իրավիճակներում հայտնված մարդիկ ու գումար են խնդրում կոմունալի համար, տան վարձի համար, երեխաների կերակրի համար։ Ընկերներիս ասում եմ տղերք սենց բան չեմ տեսել, սա նորություն է, պարզվում է՝ սաղին էլ գրում են։ Ժողովուրդը իշխանությունից հեռացնել է ուզում մարդու, որը խոստացել է վերացնել աղքատությունը, բայց քաղաքացին մարդ է ման գալիս, որ փող խնդրի հացի համար։ Մի քանի հոգի օգոստոսի 29-ին, 30-ին ֆեյսբուքով գումար էին խնդրում, որ գրենական պիտույք առնեն, երեխաներին դպրոց ուղարկեն։ Ինքը չի՞ ասել՝ կրթությունը բոլորին կլինի հասանելի։ Հա կարող ա դպրոցի շենքը տանը մոտիկ է, բայց դա չի նշանակում, թե կրթություը հասանելի է, որովհետև լիքը երեխաներ կիսասոված դպրոց են գնում։ Եվ ուրեմն ոչ թե կարևոր է, թե ով է գալու իշխանության, այլ կարևոր է, որ իշխանությունից հեռանում է երեխաներին սոված թողածը։

Էս քանի օրը ինչ-որ անիմաստ քննարկում է՝ եկեղեցին հարկ մուծեց-չմուծեց։ Ես էլ ասում եմ, իսկ ո՞ւր են գնում մուծած հարկերը։ Էն հարկերը որ մենք, դուք, այդ թվում եկեղեցին մուծում եք, ծախսվում է պետության վրա՞, թե՞ օրինակ պարգևավճար են բաժանում ՔՊ-ականներին, որ վազեն Դուբայի քլաբներն ու երգեն «մամա յա վ Դուբայե»։ Ձեր հարկերն օգտագործում են, որ մանկապատանեկան պերիոդից դեռ դուրս չեկած տղաներն ու աղջկերքը երազանքներ իրականացնեն ժողովրդի հաշվին։ Այ էդ դեռահասներին են գնում իշխանությունից։

Կառավարության այսօրվա նիստի հարցերից մեկը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի լուծարումն էր։ 2019 թվականին ստեղծված այս կառույցը 5 տարում մեկ ներդրում արեց, «Ֆլայ առնայի» 49 տոկոս բաժնետոմսերի գնումը, պետության միջոցներով։ Մենակ էս մի ընկերության վրա պետությունը հարկատուի բյուջեից մսխեց ավելի քան 12 մլն դոլար։ Մեր, ձեր գումարներից այդ հսկայական կտորը քամուն տրվեց, սրա պատասխանը երբևէ Ալենը կտա՞ իհարկե՝ չի տա, նա ընկած սրա-նրա փողերն է հաշվում։ Բայց այ փոշիացրած փողերի մասին դուխ չունի խոսի, բա որ մեկ այլ բարկամի կաշառքի գործով կալանքի տանեն։ Մի քանի հաղորդում եմ պատրաստել կառավարության փոշիացրած միջոցների մասին, որոնք գումարում ենք ու մենակ իմ հաշվարկածով գերազանցում է միլիարդ դոլարը։ Վստահեցնում եմ ձեզ, ավելի կարևոր չէ, թե ով է գալու, որքան կարևոր է այն, որ մեր ջեբը մտած այս մարդկանց թիմը գնա։

Դիմում եմ իմ հայրենի Գավառ քաղաքի բնակիչներին․ իշխանությունից գնում է մարդ, որը 2018 թվականի նոյեմբերին եկել-կանգնել է Գավառի կենտրոնական հրապարակում ու ձեզ ցույց է տվել 580 մլն դոլարի ներդրումների խոստում․ ցուցակ, ասել է այսքան կներդնենք։ Անցել է 6 տարի, դուք Գավառում 600 մլն դոլարի ներդրում եք տեսե՞լ։ Ոչ։ Իսկ դրա կեսի չափ տեսել ե՞ք։ Իսկ դրա կեսի կեսի չափ տեսել ե՞ք։ Էդքան ներդրում անեին, հիմա պետք է Գավառում գործազուրկ չլիներ, երեխաներն ու տարեցները ներառյալ։ Այ ձեզ խաբած այս մարդուց է պահանջվում, որ գնա իշխանությունից․ ի՞նչ է, սխա՞լ է։ Էն իշխանավորն է հեռանալու, որը Ալավերդու կենտրոնում կանգնել-խոստացել էր, որ փակված պղնձաձուլարանը, Թեղուտը կբացվեն ու ավելի թափով կաշախատեն․ խաբել է, մեռանք ասելով, թե քանի գործարան է խոստացել սարքել, խաբել է․ որն էլ բացել են իբր, փակվել է․ այ ինքը պետք է հեռանա։ Սխա՞լ է, արդար չէ՞։

Երեկ իմացանք, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր Արման Բոշյանին, որը տեսակով, կոչումով հաշվապահ է, Նիկոլը նշանակել է, ուշադրություն՝ արտաքին հետախուզական ծառայության պետի տեղակալ։ Հաշվապահ է, ժողովուրդ․ բայց նորմալ է մի երկրի համար, որի առողջապահության նախարարը իրավաբան է, արտաքին գործերի նախարարը պատմաբան է, պաշտպանության նախարարը ևս։ Եթե հաշվապահը կարող է աշխատել արտաքին հետախուզության պետի տեղակալ, ուրեմն լիուլի նրա ղեկավարի պաշտոնում կարող է աշխատել ֆլորիստ դիզայները․ ինչու՞ ոչ։ Կրկես՝ տակ կրկես։ Հումորային դերասանը Երևանի քաղաքապետ չէ՞ր, սրանց օրոք։ Այսօր կարդում ենք՝ այդ նիկոլական հաշվապահի կինն էլ կառավարությունում է աշխատում։ 10 հատ հաղորդում եմ պատրաստել այն մասին, թե ինչպես են բառիս բուն իմաստով գերդաստաններով լցվել պետական կառավարման համակարգ։ Մեր հարկերի հաշվին վայելում են կյանքը, մինչ հարյուր հազարները արտագաղթում են։ Որովհեև մասնագիտական գործ չեն գտնում, տեղները զիջել են այս ջահել անբաններին։ Այ ժողովուրդն ուզում է իրենք գնան ու վստահեցնում եմ, որ շատ ավելի կարևոր է, որ հենց իրենց ղեկավարը գնա, քան էն թեման, թե ով պետք է գա։ Ով էլ գա, եթե հմտություններ ունեցող մարդ լինի, կպահի, անբաններին կուղարկի, իհարկե, իրենց համապատասխան փաբը, սրճարանը։

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշում կայացրեց, որ Կիրանցում նոր ճանապարհի կառուցման նպատակով հրատապ, մեկ անձից գնում կանի։ Միլիոնավոր դրամների մասին է խոսքը։ Ասում են պետք է ճանապարհ կառուցի, ինչը ծագել է արտակարգ և չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով, դրա համար էլ շատ կարճ ժամանակ ունենք, մեկ անձից ենք գնում անում։ Ժողովուրդ ջան, մեկ անձից գնումների վրա մշտապես կա կոռուպցիոն կասկած․ ամենայն հավանականությամբ՝ իրենց մարդուն են տալիս։ Նիկոլ Փաշինյանը շատ վաղուց բանակցում է սահմանազատումների ու Հայաստանից հանձնումների շուրջ, ուրեմն Կիրանցից հանձնումը չնախատեսված չէր, ոնց ուզում են խաբել։ Կամ էլ, ստացվում է՝ Նիկոլը սուտ է ասել, իրոք էդ հանձնումները չնախատեսված էին, պահի տակ Ալիևն է ուզել, տալիս է։ Բայց ամեն դեպքում, ըստ իրենց, գիտեին, որ տալու են, բայց պետական գնումը մեկ անձից են անում, առաց մրցույթի, մեջը փող էլ կա։ Իսկ մենք գիտենք, որ ամենաշատ կոռուպցիան, ատկատներն այդտեղ են։

Քաղաքացիական պայմանագիրը 6-7 տարի առաջ մեկ գրասենյակի փող չուներ, հիմա ընդամենը մեկ գրասենյակի շենքի ամսական վարձը գերազանցում է ամիսը 10,3 մլն դրամը։ 25 հազար դոլար մեկ ամսվա վարձ են տալիս։ Էդ փողերը ո՞րտեղից, մե՞ր փողերն են, թե՞ էն ՔՊ հանգանակության նման ժողովուրդը իր կամքով, բայց առանց իր իմանալու մուծվել է։

Կարճ ասած՝ եթե նկատեցիք, ես բերեցի ստի, անարդարության, կոռուպցիայի, ապօրինության օրինակներ, համարյա բոլորը Նիկոլ Փաշինյանի օրոք կատարված․ այսինքն էնքան շատ են դրանք, որ կատարվում են ամեն օր։ Ժողովուրդը, իրականում, սրա համար է ոտքի կանգնել, որ էս տեսակի ղեկավարը գնա։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը