Քաղաքական

23.05.2024 13:30


ՔՊ գրասենյակի տարածքի վարձն ամսական 10,3 մլն դրամ կկազմի

ՔՊ գրասենյակի տարածքի վարձն ամսական 10,3 մլն դրամ կկազմի

Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 23-ի նիստում որոշեց Երևանի Կենտրոնում Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող 843,83 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 630 քմ մակերեսով հողամասը տրամադրել վարձակալության մրցույթով։

«Վարձակալությամբ անշարժ գույք տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

Անշարժ գույքը վարձակալության է տրվելու 10 տարի ժամկետով, իսկ ամսական նվազագույն վարձավճարը կազմում է 10,3 մլն դրամ:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մամուլը գրել էր, որ Հանրապետության 47 հասցեի պետական սեփականություն հանդիսացող երկհարկանի շենքում մի քանի ամիս է վերանորոգման աշխատանքներ են ընթանում, դրանք ավարտական փուլում են։

843 քմ մակերես ունեցող շենքը ՔՊ-ն վարձակալել է 2022 թ․-ին։ Ենթադրվում է, որ կուսակցությունը մտադիր է իր գլխավոր գրասենյակը Սայաթ-Նովայից տեղափոխել Հանրապետության փողոց:

Գրասենյակը գտնվում է կառավարության շենքին մոտ: Այդ տարածքում նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը:

Այս խորագրի վերջին նյութերը