Քաղաքական

22.05.2024 12:36


Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան

Պետականակերտ գործիչը երբեք բերան չի բացի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու. Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայոց Եկեղեցու շնորհաբաշխ դռները բաց են բոլորի առջև՝ յուրային և օտար. ևս առավել յուրայիններից, անխտիր, բոլորի առջև բաց է Հայոց Սուրբ Եկեղեցին: Եվ նրանք, ովքեր սուրբ սիրտ և ուղիղ հոգի ունեն՝ նրանք միշտ անվարան, անդադար կգնան և կլինեն իրենց հարազատ սուրբ տաճարներում:

Ոչինչ և ոչ ոք չի՛ կարող պիտակավորել որևէ անձի, ով հոգու մղումով կցանկա գնալ եկեղեցի՝ տաճար հաղորդակցվելու աստվածային սրբագործ միջավայրին:

Հայոց Եկեղեցու աստվածագործ սուրբ գմբեթի ներքո կանգնում են ամենքը՝ արդարներն ու մեղավորները, արք և կանայք, ծերերն ու մանուկները, իշխանությունն ու ընդդիմությունը: Այո, այդպես է, քանի որ հայ իրականության մեջ միմիայն Հայոց Եկեղեցին է սիրո սուրբ մերանը, որով շաղախվում ու խմորվում է ողջ հայոց ազգը:

Հայաստանի Ազգային ժողովի բարձրագույն ամբիոնի առջև կանգնող որևէ երեսփոխան, որևէ պաշտոնյա պարտավոր է իր կեցվածքով, իր գաղափարով ու իր խոսքով արժանի լինել այդ բարձրագույն բեմի պատվին և արժեհամակարգին:

Հարգարժան տիարք և տիկնայք, Հայոց Եկեղեցու հետ պետք չէ խոսել սպառնալիքով կամ ծաղրանքով. այդպես վարվելով՝ Դուք միայն Ձեզ եք վարկաբեկում ու վիրավորում: Առավել շիտակ և պատվական կլինի, եթե Դուք խորհեք, խոսեք և գործեք պետական պաշտոնյային վայել՝ կանգնելով վեր ամեն անձնականից, խմբակայինից ու կուսակցականից: Պետականակերտ գործիչը երբեք, ոչ մի դեպքում քայլ չի անի, բերան չի բացի և ձեռք չի շարժի ընդդեմ ազգային բացարձակ արժեքի՝ Հայոց Եկեղեցու:

Անկախ և ինքնիշխան Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքն են (թեև անկատար) սահմանել ազգային Եկեղեցու իրավական կարգավիճակը: Հարգեք և պահպանեցեք այն ամենն ինչ ազգակերտ է ու հայրենաշեն:

Մի՛ խեղաթյուրեք, հարգարժան խորհրդարանցիներ, իրականությունը. Հայոց Եկեղեցին միշտ էլ և պարտաճանաչ կերպով հարկ է տվել՝ ջրի, գազի, էլեկտրաէներգիայի և այլ տեսակի հարկերը:

Ապահարկ են միմիայն այն սրբազան առարկաները, որոնք ունեն ծիսաարարողակարգային նշանակություն, այլ կերպ՝ հավատքի պարագաներ են և Աստծո բաժին:

Գիտակցեք, որ Եկեղեցին հազարավոր աշխարհական աշխատակիցների աշխատավարձ ու նպաստ է տալիս՝ պետությունից մեկ լումա չակնկալելով: Եվ այս ամենը շնորհիվ այն բարեպաշտ ու հայրենասեր հայորդիների, ովքեր գիտակցում են իրենց Մայր Եկեղեցու սրբությունն ու առաքելությունը և լիակատար վստահելով՝ իրենց արդար վաստակից մաս և բաժին են հատկացնում ազգակերտ ու հայրենապահ Սուրբ Եկեղեցուն:

Վերջապես, ջանացեք և կայացեք որպես հավատավոր զավակներ և պետական մտածողություն ունեցող գործիչներ՝ վեր կանգնելով ամեն տեսակի անձնական, խմբակային ու կուսակցական շահերից:

Ասողիկ աբեղա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը