Քաղաքական

20.05.2024 20:47


Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

Միջազգային դրամաշնորհով կառուցված 6 ջերմատնից 4-ը քանդվել է․ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

«Հետքը» գրում է․ «Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։ Հայտնի չէ, թե ում միջոցներով պետք է վերականգնվեն։

Նախարարությունը քողարկում է իր աշխատակիցների անփութությունը եղանակային անբարենպաստ պայմաններով, ջերմատներ կառուցող ընկերությունը՝ մեղադրում անտառտնտեսությանը։

Կլիմայի փոփոխության նկատմամբ խիստ խոցելի վիճակում գտնվող Հայաստանը ձեռնամուխ է եղել անտառածածկ տարածքների ընդարձակմանը և ածխածնի կրճատմանը: Դրա շրջանակներում Հայաստանի կառավարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք ֆինանսավորվում են միջազգային դոնորների կողմից։

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կանաչ կլիմայի հիմնադրամի միջոցներով իրականացվում է «Հայաստանի անտառների կայունություն, հարմարվողականության բարձրացում և գյուղական կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։ Դրա իրականացմանը մասնակցում են նաև Հայաստանի կառավարությունը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բոլցանո ինքնավար նահանգը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակը և Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ)։ Ութամյա ծրագրի ընդհանուր բյուջեն 18.7 միլիոն ԱՄՆ դոլար է։ Շրջակա միջավայրի նախարարության (ՇՄՆ) տրամադրած տեղեկությունների համաձայն՝ Կանաչ կլիմայի հիմնադրամն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 2 194 080 000 դրամ (շուրջ 5,5 մլն դոլար)։ Իրականացման պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկն է։

Ծրագրի նպատակն է նվազեցնել վառելափայտի պահանջարկը և ներդնել կենսակայուն և անտառների կառավարման՝ կլիմային հարմարեցված հմտություններ, 2.5 տոկոսով ընդլայնել անտառային տարածքները, առնվազն 30 տոկոսով կրճատել գյուղաբնակ համայնքների վառելափայտի պահանջարկը, նպաստել կայուն և կլիմային հարմարեցված անտառկառավարմանը և ապահովել տեխնոլոգիաների փոխանցումը գյուղական համայնքներին, մասնավոր հատվածին ու պետական մարմիններին՝ անտառ-էներգիա փոխկապակցված մոտեցման համատեքստում:

Ծրագրի թիրախային տարածքներն են՝ Հայաստանի հյուսիսում՝ Լոռու մարզը և հարավում՝ Սյունիքի մարզը։ Այս երկու մարզերն ընտրվել են՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև՝ անտառային կարևոր էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։

«Կլիմայի փոփոխության հետևանքների մեղմում և հարմարվողականություն՝ նոր տեխնոլոգիաների փոխանցման միջոցով» բաղադրիչի շրջանակներում փակ արմատային համակարգով տնկիներ աճեցնելու նպատակով պետք է կառուցվեր 500 քմ մակերեսով 6 ջերմատուն։

Ջերմատները կառուցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդան», «Սիսիան» և «Տաշիր» մասնաճյուղերի տարածքներում, որոնք 2022-2023թթ․ հանձնվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կառավարմանը։ Սակայն դրանցից 4-ն այդպես էլ չի ծառայել իր նպատակին և չի գործել։ Տաշիրում կառուցված 2 ջերմոցները երկու անգամ քանդվել են ուժգին քամիներից, վերջին անգամ՝ 2023թ․ դեկտեմբերի 28-ին։ Սիսիանում կառուցված ջերմոցը նույնպես քանդվել է այս ձմռանը՝ ձյան բեռնվածությանը չդիմակայելու պատճառով։ Գործում են միայն Հրազդանի անտառտնտեսությունում կառուցված ջերմոցները։

Շրջակա միջավայրի նախարարությունը, մեր հարցմանն ի պատասխան, թե ինչու չեն գործել ջերմատները, հայտնել է, որ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՄՆ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից կառուցված ջերմատները փորձարկումից հետո հանձնման-ընդունման ակտով փոխանցվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) կառավարմանը:

«2023 թվականի դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը Սիսիանի տարածաշրջանում տեղացած առատ ձյան և քամու պատճառով «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա և նույն թվականի դեկտեմբերի 28-ին ուժգին քամիների պատճառով «Տաշիրի անտառտնտեսություն» մասնաճյուղի հաշվեկշռում առկա ջերմատներն ամբողջովին վնասվել և քանդվել են։ Դրանք շահագործման ենթակա չեն եղել, ինչպես նաև նպատակահարմար չի եղել դրանց վերակառուցումը»,-գրությամբ հայտնել է ՇՄՆ գլխավոր քարտուղար Սերգո Աթանեսյանը։

Ով է կառուցել ջերմոցները
Ջերմատների կառուցման մրցույթը հայտարարվել է 2022 թվականի հունիսի 2-ին։ Մրցույթին մասնակցել է 2 կազմակերպություն՝ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ն՝ 73 980 հազար դրամ գնային առաջարկով և «ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն՝ 78 980 հազար դրամ գնային առաջարկով (շուրջ 200 հազար դոլար)։

ՇՄՆ-ն մեզ հայտնել է, որ «Հայր և Որդի Բեգլարյաններ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը մերժվել է, քանի որ չի համապատասխանել գնման ընթացակարգի հրավերի պահանջներին, մասնավորապես` ներկայացված հայտում բացակայել է հայտի ապահովման փաստաթուղթը։

2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈւՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։

«ՎԷՍ Գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2020 թվականի հունիսի 2-ին, հիմնադիրը և միանձնյա բաժնետերը Վարդան Ասլանյանն է։ Ըստ նրա՝ ջերմոցների քանդման պատճառը Տաշիրի դեպքում՝ բնության, իսկ Սիսիանի դեպքում՝ մարդկային գործոնն է եղել, ոչ թե ձյունը կամ կառուցված ջերմոցի անորակությունը։ Իրենց կառուցած ջերմոցներն ու դրանցում առկա սարքավորումները փորձարկել և ընդունել է հատուկ հանձնաժողովը՝ 8-10 հոգուց բաղկացած, և եթե որևէ բան անորակ կամ վատ կառուցած լինեին, ապա հանձնաժողովը պարզապես չէր ընդունի։

Ջերմատների կառուցման տեխնիկական առաջադրանքի մշակման համար, ըստ ՇՄՆ-ի, հիմք է ընդունվել ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1612-Լ որոշումը` փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների չափանիշները։

Կառավարության նշված որոշումը փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին է, որը պետք է նպաստեր գյուղատնտեսությունում տնտեսվա­րողների եկամուտների ավելացմանը։ Այս նպատակի իրագործման համար տնտե­սվա­րողներին ցուցաբերվել է պետական աջակցություն՝ ծախսերի մասնակի փոխ­հատուցման միջոցով: Կառավարության նշված որոշման մեջ խոսվում է միայն գյուղատնտեսական բերքի՝ միրգ-բանջարեղենի մշակման, այլ ոչ թե բույսերի կամ տնկիների աճեցման ջերմատների մասին։

Այդուհանդերձ, Կառավարության որոշման հավելվածում հիդրոպոնիկ եղանակով ջերմատան կառուցման հիմնական չափորոշիչներում նշվում է, որ քամու դեմ դիմադրողականությունը պետք է լինի առնվազն 90 կմ/ժ (25 մ/վ), իսկ ձյան բեռնվածությունը՝ առնվազն 30 կգ/մ2։

Ինչու են քանդվել ջերմոցները Սիսիանում
2023թ․ դեկտեմբերի 17-ին և 18-ի գիշերը տեղացած առատ ձյան պատճառով քանդվել են «Սիսիանի անտառտնտեսության» հաշվեկշռում եղած 2 ջերմատները։

Ջերմոցների քանդվելու պատճառը, ըստ ՇՄՆ-ի, միմիայն եղանակային պայմաններն են։ Սակայն կառուցող կազմակերպության հիմնադիրը մեղադրում է նաև Սիսիանի անտառտնտեսության աշխատակիցներին։

«Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է»,-ասում է «ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը»։

Այս խորագրի վերջին նյութերը