Քաղաքական

19.05.2024 16:38


Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա

Ելիսեյան պալատը վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. Զախարովա

Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա այսպես է մեկնաբանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Թբիլիսի հրավիրելը:

«Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հրավիրել է մայիսի 26-ին մասնակցել Վրաստանի Անկախության օրվան` «վերջնականապես ազատագրելու Կովկասը խորհրդային լծից և ռուսական ազդեցությունից»: Ըստ երևույթին, Ելիսեյան պալատը հիստերիկ կերպով վայր է փնտրում «նոր» Նոր Կալեդոնիայի համար՝ ընտրելով Վրաստանի ու Հայաստանի միջև»,-գրել է դիվանագետը:

Զուրաբիշվիլին, La Tribune de Dimanche-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչ է ակնկալում եվրոպացի առաջնորդներից՝ խորհրդարանում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» քննարկման և դրա ընդունման դեմ բողոքի ակցիաների ֆոնին, նշել է Մակրոնի այցը:

«Էմանուել Մակրոնը, 2018 թվականին իմ ընտրվելու պահից, ինձ խոստացել էր, որ պետք է անի դա՝ մինչև նախընտրական քարոզարշավի մեկնարկը սեպտեմբերին, և ես նրան սպասում եմ Վրաստանի անկախության օրը՝ մայիսի 26-ին»,-ասել է նա:

Նոր Կալեդոնիան հատուկ ֆրանսիական համայնք է՝ տեղակայված Խաղաղ օվկիանոսի հարավ արևմուտքում Ավստրալիայից և ֆրանսիական մետրոպոլիտանից արևելք։ Վերջին շրջանում այնտեղ զանգվածային անկարգություններեն, ինչի պատճառով Ֆրանսիան ստիպված է եղել զորքեր մտցնել: Անկարգությունները Նոր Կալեդոնիայում դարձել են առնվազն չորս մարդու, այդ թվում՝ մեկ ոստիկանի մահվան պատճառ։

Ցույցերի պատճառը Ֆրանսիայի խորհրդարանի կայացրած որոշումն էր, որի համաձայն, ընտրելու իրավունք ունեցող անձանց շրջանակը Նոր Կալեդոնիայում կընդլայնվի։ Այսուհետ այն ընդգրկելու է նաև 1998 թվականից հետո այստեղ բնակություն հաստատած անձանց, որոնց մեծամասնությունը էթնիկ ֆրանսիացիներ են։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը