Քաղաքական

16.05.2024 16:45


Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ

Ուզում եմ հրաժարական տալ, ես ժողովրդիս հետ եմ. Կիրանցի գյուղապետ

Ես իմ ժողովրդի կողքին եմ, ուզում եմ հրաժարական տալ:

Այս մասին հայտնել է ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը:

«Ուզում եմ հրաժարական տալ, ի՞նչ եք ուզում ասել, տա՞մ այդ հրաժարականը, ես ձեզ հետ եմ, իմ ժողովրդի հետ եմ»,–ասաց Կիրանցի գյուղապետը՝ դիմելով բնակիչներին։

Գյուղացիները նշեցին՝ եթե նա իր հրաժարականով կարող է օգուտ տալ բնակիչների խնդիրների լուծմանը, թող տա, հակառակ դեպքում իմաստ չունի։

«Դու մեզ միացիր, մենք էլ քեզ հետ ենք։ Դա հարցի լուծում չի։ Կամո՛, եղիր քո ժողովրդի հետ, բայց ոչ մեկին, ոչ մի ղեկավարի քո գրասենյակում մի ընդունիր, մեզ հետ կանգնիր մինչև վերջ ու գյուղը պահիր»,–ասացին հավաքված կիրանցեցիները։

Գյուղապետը շեշտեց, որ սկզբից էլ ժողովրդի կողքին է եղել ու մինչև վերջ էլ ժողովրդի հետ է լինելու:

«Մեռնեմ էլ իմ ժողովրդի հետ եմ մեռնելու, ապրեմ էլ իմ ժողովրդի հետ եմ ապրելու: Կառավարությունից մարդ է գալիս Իջևան և ուզում է ակտիվ բնակիչներից մի քանիսի հետ հանդիպել ու խոսել, եթե ակտիվ բնակիչներից մարդիկ կան, որ ուզում են գնալ, ասեք, միասին գնանք»,–ասաց Շահինյանը։

Բնակիչներն էլ հայտարարեցին՝ ոչ մի տեղ չեն գնա, թող այդ ներկայացուցիչը գյուղ գա, քանի որ իրենք բոլորն էլ խոսելու տեղ ունեն, Իջևան չեն գնալու։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը