Քաղաքական

08.05.2024 09:54


Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին

Էական ոչինչ պետք չէ ակնկալել. Ձյունիկ Աղաջանյանը` Ալմաթիի հանդիպման մասին

Էական ոչինչ պետք չէ ակնկալել Ալմաթիի հանդիպումից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի բանակցությունները տեղի կունենան մայիսի 10-ին Ալմաթիում:

«Մանավանդ, երբ այս իշխանության ներկայացուցիչներն են բանակցում, այս տարիների փորձառությունը ցույց է տվել, որ նրանցից հայամետ քայլեր պետք չէ սպասել։ Այս հանդիպումը կդիտարկեմ որպես Ադրբեջանի կողմից ցուցադրական քայլ, թե իբր բանակցային գործընթացը պահպանում են, իսկ իրականում հետամուտ են լինելու լրացուցիչ ճնշումների ու պահանջների ներքո ՀՀ–ից հերթական կտորներ պոկելուն»,–ընդգծեց նա։

«Ամերիկյան կողմը ճնշման լծակներ է օգտագործում, որպեսզի Ադրբեջանի իշխանություններին ստիպի մնալ բանակցային գործընթացի արևմտյան հարթակում։ Ամերիկյան կողմից այս ժամանակահատվածում նմանատիպ լրացուցիչ քայլեր ավելի ու ավելի շատ կտեսնենք»,–նկատեց արտակարգ և լիազոր դեսպանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը սովորաբար մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ սկզբունքով է շարժվում, ու եթե այս հանդիպումը դիտարկենք որպես մեկ քայլ առաջ, ապա դրան հաջորդելու է արդեն երկու քայլ հետը, երբ Ադրբեջանը կսկսի ավելացնել իր պահանջները, որոնք ՀՀ–ի համար գոյաբանական ու անվտանգային լուրջ սպառնալիքներ կպարունակեն։

Աղաջանյանը համոզված է, որ Ադրբեջանին բացարձակ ձեռնտու չէ ՀՀ հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանից հետո նա հանձնառություն կունենա իրանական հատվածում։

«Եթե այդ հանգամանքը չլիներ, Ադրբեջանն անմիջապես կստորագրեր այդ պայմանագիրը, քանի որ հայկական կողմից պատմության մեջ առաջին անգամ ունենալու է իրավական մի փաստաթուղթ, որով Արցախը ճանաչվում է Ադրբեջանի կազմում»,–նշեց նա։

Բացի այդ, ըստ Ձյունիկ Աղաջանյանի, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որ բանակցային գործընթացի տապալման մեղքն իր վրա չբարդվի։

Այս խորագրի վերջին նյութերը