Կարծիք

16.11.2011 17:36


2012թ. բյուջեի դիտարկումներ

2012թ. բյուջեի դիտարկումներ

«Կառուցել  հասարակություն, որի կենտրոնոււմ մարդն է, նրա կարողությունների բացահայտումը» սա ՀՀ նախագահի  նախանշած երեք առաջնահերթություններից մեկն է, որն ըստ վարչապետի ընկած է բյուջեի փիլիսոփայության առանցքում։ Հիրավի հրաշալի  հաստատում, որի հետ չի կարելի չհամաձայնել։ Բայց ինչպես Ստանիսլավսկին կասեր՝ չեմ հավատում։ Այո՝ չեմ հավատում, որովհետև անցնող չորս տարիների ընթացքում    ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել, որոնք իրապես ոչ մի կապ չունեն մեր իրականության հետ։ Գռփեապաշտության ու օլիգապոլիաների դեմ պայքար, արդար մրցակցային տնտեսություն, թափանցիկ կառավարում, սոցիալական երկիր և այլն։ Իսկ իրականում 35% աղքատություն, արտագաղթ և հուսալքություն, ու նաև հայ գործարարների բազմամիլիոնանաոց ներդրումներ օտար շուկաներում։ Ավաղ, Հայաստանը վաղուց երկու իրականություններում է ապրում, և չեմ կարծում որևէ մեկը, մանավանդ այս դահլիճում, չի տեսնում կամ չի հասկանում իրականությունը, բայց շարունակում ենք խաբել միմյանց ու գերադասում ճշմարտությունների մասին միջանցքներում ու քեֆի սեղանների շուրջ խոսել։

Կառավարության 2008-2012թթ. ծրագիրը Հայաստանը եվրամիության մշակութային տարածաշրջանային կենտրոն դարձնելու հանձնառություն ուներ: Իսկ իրականում, ինչպես նախորդ բոլոր տարիներին, 2012թ-ին ևս մշակույթը բյուջետային առաջնահերթությունների մեջ չի մտնում և թերֆինանսավորումը  ոլորտի գլխավոր խնդիրներից մեկն է:

Ոլորտի աշխատողների աշխատավարձը շարունակում է մնալ ամենացածրը: Համակարգի  շուրջ 6080 աշխատողների միջին աշխատավարձը 57.000 դրամի սահմանում է, ինչը հանրապետության միջին աշխատավարձից մոտ 2 անգամ ցածր է: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ  նվազագույն զամբյուղի արժեքը  65 հազար դրամ է, ապա համակարգի աշխատողները կրկին կանգնում են սոցիալական անարդարության, իրենց աշխատանքով արժանապատիվ ապրելու անկարողության առջև: Իսկ ՀՀ նախագահի նախընտրական խոստումի համաձայն 2012-ին միջին աշխատավարձը 122000 դրամ պետք է լիներ: Դեռևս 2008-ից էլ   Կառավարությունն էր  խոստացել աշխատավարձերի հաշվարկման հայեցակարգ մշակել, որն այդպես էլ չի իրականացրել՝ պատճառաբանելով, թե խաթարվում է մակրոտնտեսական կայունությունը: Իսկ սոցիալական համերաշխության խաթարման և երկրի կայունության և մարդկային ռեսուրսի մասին նրանք չեն էլ մտածում։ Այն ինչ սա իրապես քաղաքական և բարոյական խնդիր է, որովհետև չի կարելի է 35000  դրամով աշխատուժ պահել ու մտածել հավատարիմ քաղաքացու կամ որակյալ աշխատանքի մասին։ Ու մեր մշակույթի գործիչները սեփական պետության մեջ այլ տեր են փնտրում և ընտրությունից ընտրություն վճարովի ծառայության դիմաց դառնում այս կամ այն օլիգարխի քարոզիչը:

2012 բյուջեով մշակութային ծառայությունների ծախսերի մոտ 20 տոկոսանոց ավելացում է նախանշվում, այնինչ  շուրջ 8 միլիոն դոլլար հատկացվելու է  օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի և Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի դահլիճների տեխնիկական վերազինմանը: ժանտախտի պահին խնջույքի համարժեք մի որոշում, որ բացարձակ համարժեք չէ ոլորտի առաջնահերթություններին:

Ու թեև կառավարությունը որդեգրել է ծրագրային ֆինանսավորման և արդյունքային գնահատման մեթոդը, սակայն ինչպես նախորդ, այնպես էլ 2012 ֆինանսական տարում մշակութային հաստատությունների ֆինանսավորումը կատարվում է ոչ ծրագրային եղանակով: Փաստորեն, ոլորտի լիազոր մարմինը որդեգրել է “փող տվեքի” քաղաքականությունը, որի  արդյունքում գրեթե անհնար է   որակական և քանակական ցուցանիշների պատկեր ունենալ, մշակութային քաղաքականության հայեցակարգային, ռազմավարական խնդիրներ ակնկալել:

Պատմության եւ մշակույթի հուշարձանների վերականգնման ու վերանորոգման ծրագրերն ու դրանց վերջնական արդյունքները շարունակ հարցեր ու  ֆինանսական միջոցների վերաբաշխման անհրաժեշտություն  են առաջացնում: Թեև Կառավարության տարեկան միջնաժամկետ ծրագրով նախատեսնվում է վերականգնել շուրջ 25 մշակութային հուշարձան, սակայն մշակութային հուշարձանների վերականգմանը ուղղվող բյուջետային միջոցները միայն դրա կեսի չափով են  նախատեսվում: Ու դեռ շարունակում են խոսել տուրիզմի զարգացման մասին:

Ըստ էության 2012 թ.-ի բյուջեն իրականում չի լուծում մշակույթի ոլորտի հիմնախնդիրները, որովհետև չկա այն ընկալումն ու իմաստավորումը, որ  մշակույթը   քաղաքական արժեհամակարգի բաղադրիչ է, և միայն մտածված մշակութային քաղաքականության իրականացման ճանապարհով կարելի է  հասնել տվյալ երկրի առաջ կանգնած ռազմավարական խնդիրների լուծմանը:

Թերֆինանսավորվողների շարքում է շարունակում մնալ գիտության ոլորտը, թեև կառավարությունը իր 2008-2012թթ.-ի ծրագրով գիտնականների համար գիտությամբ  զբաղվելու գրավչության ապահովման և տեղական ու համաշխարհային շուկաներում գիտական գործունեության արդյունքներն իրացնելու հնարավորությունը տրամադրելու հանձնառություն էր ստանձնել:: Իսկ 2012 թ. բյուջեն հաստատված 7498.1 մլն. դրամ բազային ֆինանսավորմամբ ոչ միայն որևէ կերպ չի կարող ապահովել դրանց կատարումը, այլև գիտության արդյունավետ կառավարման և  սահմանված առաջնահերթությունների ուղղությամբ հստակ մեխանիզմներ և գործիքներ չի արտացոլում:

Գործադիր մարմինը նախատեսում էր կրթության ոլորտի բարեփոխումներին համարժեք և համաչափ ապահովել պետական ծախսերի շարունակական ավելացում:    2012 թվականին  կրթության ոլորտին ուղղվող ծախսերը  պետք է կազմեին   ՀՆԱ-ի առնվազն 3.5 տոկոսը: Սակայն ինչպես բյուջե 2011-ը, այնպես էլ  2012թ-ի բյուջեն (ի դեպ,  ՀՀ  2011 թվականի  հաստատված բյուջեի նկատմամբ ծախսերը նվազել են 0.7 տոկոսով ) չեն լուծում գործադիրի ծրագրային հանձնառությունները և կրթության ոլորտի ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի մոտ 2.78 տոկոսը, խոստացված 3.5 տոկոսի փոխարեն: Իսկ ՀՀ  նախագահի նախընտրական ծրագրում 2012 թ-ին կրթությանն ուղղված գումարները 195 մլրդ. դրամ պետք է կազմեին, այսօրվա նախատեսումը 108 մլրդ. է,

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունների իրականացման գծով բյուջետային հատկացումները այս տարի կազմելու են շուրջ 4781.3 մլն. դրամ, որոնք, ըստ էության, հիմնականում ուղղվելու են Հանրային հեռուստառադիոընկերությանը: Ի դեպ, այս հատկացումները պիտի ապահովեին ՀՀ քաղաքացիների քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային տեղեկատվություն ստանալու իրավունքը: Սակայն իրականությունն այն է, որ այսօր Հանրային հեռուստառադիոընկերությունը ՀՀ քաղաքացուն իր իսկ հարկերից կուտակված բյուջետային հատկացումների հաշվին, հրամցնում է ցածրորակ և ցածրաճաշակ սերիալներ, կողմնակալ լրատվություն, գռեհիկ հեռուստաեթեր որը ոչ միայն չի նպաստում ՀՀ արժանապատիվ քաղաքացու ձևավորմանը, այլ ըստ էության քաղաքական գործիք է, հոգևոր աղետի և բարոյական անկումի տարածող:

Իրապես, երկու ճշմարտությունների իրականությունում ենք ապրում և ներկա իշխանություններն իրենց փիլիսոփայությամբ և քաղաքական արժեքների համակարգով անկարող են կառուցել հասարակություն, որի կենտրոնում մարդն է ու նրա կարողությունների բացահայտումը:

Լիլիթ Գալստյան

Այս խորագրի վերջին նյութերը