Քաղաքական

28.04.2024 20:57


Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից

Հերթական կալանքի որոշումը՝ իշխանության սրտի դատավորի կողմից

Վահագն Մախսուդյանը՝ Կիրանց գյուղում բողոքի ցույցերի ակտիվ մասնակից, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին, կալանավորվեց երկու ամսով։ Մեկական ամսով էլ կալանավորվեցին տավուշեցիներ Հովհաննես Ղուկասյանը և Վահան Անանյանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին, առանձնակի դաժան բռնությամբ ձերբակալել էին Վահագն Մախսուդյանին։ Ինչպես փաստաբան Հովհաննես Խուդոյանն էր գրել, նա մեղադրվում է, որ մեկ անգամ հարվածել է իր և այլ մարդկանց վրա քշող, շրջապատին հայհոյող անձանց մեքենայի դիմապակուն: Որակել են խուլիգանություն:

Վահագն Մախսուդյանին կալանքի տարած դատավորը Մասիս Մելքոնյանն է։ Այս անձին սովորաբար հանձնվում են ընդդիմադիրների կալանքի գործերը։

Նա է Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին կալանք տված դատավորը, նա էր կալանք տվել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, այնուհետև փոխել տնային կալանոքով՝ արգելելով Եռաբլուր՝ որդու շիրիմին այցելել։

Մասիս Մելքոնյանը դատավոր է արդեն մեկ տարի։ Մինչ դատավոր դառնալը, համաձայն մամուլի հրապարակումների և բաց աղբյուրների, աշխատել է խոպանում, եղել է ՌԴ քաղաքացի և բնակվել Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում, զբաղվել բիզնես գործունեությամբ, համասեփականատեր է ճանապարհաշինական և ռեստորանային բիզնեսներում։ Նրա կենսագրականում գրված է, որ 2010-2018 թվականներին զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Հայաստան է վերադարձել հեղափոխությունից հետո, դարձել Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ, որը տնօրինում է Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը։ Մասիս Մելքոնյանն այդ կուսակցության համամասնական ցանկի 14-րդ համարի ներքո մասնակցել է 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պարտվել՝ կուսակցության հետ միասին։

Չնայած եղել է ՌԴ քաղաքացի և ապրել այդ երկրում, այնուամենայնիվ ստացել է Հայաստանում մշտական բնակության և քաղաքացիության տեղեկանք՝ ընտրություններին մասնակցելու համար։

Մասիս Մելքոնյանը երբ առաջադրվել էր դատավորի թեկնածու, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն, սակայն ԲԴԽ-ն կոնսենսուսով կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը, համաձայն հրապարակման, չէր ստորագրել հրամանագիրը՝ այն հիմքով, որ Մասիս Մելքոնյանն անցնում է քրեական վարույթով։ Սակայն նա դատավորի պաշտոնը ստանձնեց իրավունքի ուժով։

Հիշեցնենք նաև կոռուպցիոն սկանդալի մասին․ համաձայն մամուլի, Մասիս Մելքոնյանին դերասանուհի Մարջան Ավետիսյանը մեղադրում էր այն բանում, որ լինելով իր փաստաբանը, յուրացրել է իր գումարները:

Մասիս Մելքոնյանն այն քիչ դատավորներից է, որոնց «բաժին են հասնում» ընդդիմադիր գործիչների կալանքի գործերը, և նշանակում է կալանք։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը