Քաղաքական

26.04.2024 09:20


«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով

«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով

«Եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, կհաջողվի գոնե պահպանել պետականությունը»,- այս մասին 168am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Երևանում ստեղծված իրավիճակին և ՀՀ իշխանությունների քաղաքականությանը։

Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանության փոփոխությունը հայերի խնդիրն է, հայերն է, որ պետք է որոշեն՝ իրենց ձեռնտո՞ւ է Փաշինյանը, թե՞ ոչ։ Սակայն, Տարասովի կարծիքով, արտաքին տպավորությունն այն է, որ, այո՛, հնարավոր են փոփոխություններ, քանի որ Փաշինյանն իր իշխանության ողջ ընթացքում՝ 2018 թվականից սկսած, չլուծեց ոչ մի հարց՝ խաղաղություն չկա, Խաղաղության համաձայնագիր չկա, բոլոր գործընկերների հետ կան փչացած հարաբերություններ՝ Ռուսաստանի, Իրանի հետ, թուրքերի հետ չպայմանավորվեց, Ադրբեջանի հետ, տեսնում եք՝ ինչ է կատարվում, Եվրոպան վերջնարդյունքում «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ։

«Նրանք ինքնուսներ էին, փողոցային «հերոսներ», որոնք հանդգնեցին որոշել պետության ճակատագիրը, այն էլ՝ այնպիսի պետության, ինչպիսին Հայաստանն է՝ իր հարուստ պատմությամբ, սա խայտառակության վերջն է՝ ի համեմատ այն հիանալի խաղի, որը վարում է Ալիևը, ով հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է, պետք է անկեղծ խոսել։ Ցանկանո՞ւմ եք ապրել Թուրքիայում, քվեարկեք Փաշինյանի օգտին, կառուցեք մզկիթներ»,-ասաց Տարասովը։

Այս ֆոնին Տարասովը գտնում է, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն առ այն, թե Հայաստանը պատրաստ է քննարկել Ադրբեջանից գազի գնման հարցը, զարմանալի չէ։

«Իսկ Դուք ի՞նչ էիք մտածում, գուցե երկրորդ լեզուն թուրք-ադրբեջանական լեզո՞ւն լինի։ Ամեն բան այդ ուղղությամբ է գնում»,-ասաց նա։

Անդրադառնալով կարծիքներին, թե Փաշինյանի իշխանությունն աշխարհաքաղաքական կոնսենսուս է վայելում՝ Տարասովն ասաց, որ դա սխալ գնահատական է, հաշվի առնելով այն արտաքին քաղաքականությունը, որը վարել է Փաշինյանի իշխանությունը։

«Օրինակ, կոնսենսուս Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև, այո, կա, Հայաստանի ու Ռուսաստանի միջև՝ չկա, բայց ո՞ւմ հետ կա, ո՞ւմ հետ են կարողացել պայմանավորվել։ Նրանք նույնիսկ Հայոց կաթողիկոսի հետ են հարաբերությունները փչացրել։ Սա աղետ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին՝ մենք միշտ ենք հայերի հետ աշխատել, աջակցել, որքան կարողացել ենք, մենք ունեինք Ղարաբաղյան կարգավորման այլ սցենար, Ղարաբաղյան իրադարձությունները լիովին այլ սցենարով կգնային։ Փաշինյանը իբրև թե զանգում էր, Պուտինի հետ խորհրդակցում, բայց գնաց Պրահա, ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ առանց Մոսկվայի հետ խորհրդակցելու։ Մեզ հիմարի կարգավիճակի մեջ դրեց, մենք ունեինք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այլ՝ միջանկյալ սցենար, Ղարաբաղի հայերը կմնային իրենց հայրենիքում, կունենային հատուկ կարգավիճակ գոնե, դավաճանեց նա ամեն բան»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։

Նա գտնում է, որ եթե ՀՀ-ում իշխանություն փոխվի, ապա նոր իշխանության համար բարդ է լինելու։

«Հարցն այն է, որ Ալիևը սկսել է աշխատել ապագայի համար, ոչ թե ներկայի։ Ներկան նա հաղթել է, նա արդեն 2030 թվականի մասին է մտածում։ ՀՀ նոր իշխանությանը կմնա սպասել և պահպանել, ամրապնդել ՀՀ պետականությունը, որպեսզի հայերը չփախչեն աշխարհով մեկ։ Իսկ եթե Փաշինյանը մնա, ապա պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»,-ասաց Տարասովը։

Այս խորագրի վերջին նյութերը