Լրահոս

01.05.2009 10:23


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Վերջին օրերին Հայ ազգային կոնգրեսը երկու անգամ հայտարարություն է տարածել այն մասին, որ մայիսի 1-ի իրազեկված հանրահավաքի տեղեկատվական թռուցիկները բաժանող երիտասարդների խմբերի վրա հարձակումներ են կատարվել բանդիտական խմբերի կողմից։ Նշվել է, որ բանդիտական խմբերի հարձակումներին ու ծեծկռտուքին ականատես ոստիկանները հրաժարվել են միջամտել նաև այն բանից հետո, երբ նրանցից օգնություն է խնդրվել։ Երկու դեպքում էլ կասկած է հայտնվել այն մասին, որ այդ խմբերում ընդգրկված են եղել նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ՝ հենվելով այն բանի վրա, որ թռուցիկ բաժանող երիտասարդները դեմքով ճանաչել են ոմանց, հաջողվել է լուսանկարել հարձակվողներին։ ՀՀ Ոստիկանապետի մակարդակով ժխտվել է բանդիտական հարձակումներին զգեստափոխված ոստիկանների մասնակցությունը, հայտարարելով, որ դրանք «իշխանության համակիր քաղաքացիներ են»։ Բայց ահա այն բանից հետո, երբ լուսանկարների մի մասը հրապարակվել է մամուլում, իսկ դեպքերի փաստով Հայ ազգային կոնգրեսը սկսել է նյութեր պատրաստել քրեական գործ հարուցելու դատախազությանը փոխանցելու համար, ՀՀ ոստիկանությունը տարածել է զարմանալի մի հայտարարություն։ Դրանում ասվում է, որ, մասնավորապես, ապրիլի 29-ին, ոստիկանության Կենտրոնի բաժնի մի խումբ աշխատակիցներ զեկուցագիր են ներկայացրել այն մասին, որ երիտասարդների այդ խումբը, իբր, «չի ենթարկվել իրենց օրինական պահանջներին, ստեղծել է քաշքշուկ, որի հետևանքով ոստիկանության մի քանի աշխատակից մարմնի տարբեր մասերում վնասվածքներ են ստացել»։ Այսինքն՝ ոստիկանությունը դրանով խոստովանել է, որ հիշյալ բանդիտական խմբերը, իրոք, կազմված են եղել քաղաքացիական զգեստով ոստիկաններից։

Հայ ազգային կոնգրեսը ծայրահեղ խայտառակություն է համարում այս փաստը՝ ամոթաբեր ամեն մի պետության ու իշխանության համար։ Մենք պահանջում ենք անհապաղ հետաքննություն սկսել և պատասխանատվության կանչել այն պաշտոնատար անձին, ով իր պաշտոնական դիրքը չարաշահելով՝ փորձում բանդիտական խմբերի վերածել ոստիկաններին։

Այս խորագրի վերջին նյութերը