Քաղաքական

24.04.2024 09:23


Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»

Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:

Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյոք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չե՞ն պահանջի, չե՞ն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք՝ հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։

Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։

«Փաշինյանի հետ հանդիպումից հետո հասկացել ենք՝ վտանգ է ստեղծվում մեզ համար»,-ասաց Նոյեմբերյանի փոխքաղաքապետը՝ չցանկանալով ավելին մանրամասնել: «Մենք դա համարել ենք միակողմանի զիջումներ ու այլեւս չենք մասնակցելու այդ բանակցություններին, այդ գործընթացին»,-ավելացրեց նա։

Ոսկեպարի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ վստահեցրեց՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հույսը չի կորցրել ու պայքարելու է մինչեւ վերջ. «Էն ինչ-որ որոշել ա` անելու ա, էդ ասեց, ես էլ ավել բան չեմ ուզում ասեմ»։

Այս խորագրի վերջին նյութերը