Քաղաքական

23.04.2024 17:59


Երաշխիք չկա, որ Բաքուն չի փորձի ուժով բացել ՀՀ–ով միջանցքը. Քոչարյանը` սահմանազատման մասին

Երաշխիք չկա, որ Բաքուն չի փորձի ուժով բացել ՀՀ–ով միջանցքը. Քոչարյանը` սահմանազատման մասին

Ադրբեջանը Տավուշում սահմանազատման արդյունքում կստանա իր ուզածը և Հայաստանի հետ կխոսի շատ ավելի ուժեղ դիրքերից։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Փորձում են ներկայացնել, թե սա լավ է Հայաստանի համար, բայց սա լավ չէ, մենք զիջում ենք մեր դիրքերը։ Նշում եք, որ դրանով մեր դիրքերը մարտավարական առումով չեն թուլանում։ Ինչպե՞ս կարող են սահմանազատման ընթացքում դիրքերը չթուլանալ։ Ադրբեջանի հռետորաբանությունը տեսնելով` մտավախություն չունե՞ք, որ Բաքուն կարող է կոշտացնել իր բանակցային դիրքերը, երբ խոսքը Սյունիքում սահմանազատման մասին լինի»,–նշեց Քոչարյանը։

Ըստ նրա` չկա երաշխիք, որ Ադրբեջանի զինված ուժերը չեն փորձի ուժով բացել Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցքը։ Պատգամավորը կարծում է, որ դրանք միանգամայն իրական մտահոգություններ են, և անցյալի իրադարձությունները ակնհայտորեն ապացուցում են նրա իրավացիությունը։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը կձևակերպվի համապատասխան արձանագրություն-նկարագրությամբ, ինչը կողմերի միջև պետք է համաձայնեցվի ու ստորագրվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը