Քաղաքական

23.04.2024 17:48


Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Ղազախստանը մեզ դիմել է իրենց մոտ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկով։ Մենք համաձայնել ենք սրան և պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես համաձայնի, ապա հանդիպումը կկայանա Ղազախստանում»,-Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը։

***

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին Բաքվում կայացած միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղությանն ավելի քան երբևէ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները ցիտել են Ալիևի խոսքերն այն մասին, որ կողմերը երբեք այսքան չեն մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը: «Մենք մի ժամանակ նույնիսկ չէինք կարողանում համաձայնության գալ բազային սկզբունքների շուրջ»,-նշել է Ադրբեջանի նախագահը՝ նկատելով, որ Բաքվի ու Երևանի համար դժվար էր համաձայնության գալ Մադրիդյան սկզբունքների շուրջ, իսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ անգամ չկար։

«Այժմ այն ​​(նախագիծը-խմբ.) գոյություն ունի: Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագիրը: Մեզ մնում է միայն մանրամասները մշակել: Բայց, իհարկե, երկու կողմերին էլ ժամանակ է պետք»,-ընդգծել է Ալիևը։

Նա միանգամայն իրատեսական է համարել մինչև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության 2024 թվականի համաժողովը՝ COP29-ը (ծրագրված է նոյեմբերին Բաքվում), Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնության հասնելը, թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ։

Այս խորագրի վերջին նյութերը