Կարծիք

15.11.2011 14:55


Սթափ դատենք

Սթափ դատենք

Կարծում եմ` եկել է ժամանակը, երբ բոլորն արդեն պետք է հասկացած լինեին, թե իրենցից ինչ են ներկայացնում մեր իշխանությունները և մասնավորապես ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Հիշեցնեմ, որ վերջին շրջանում ՀՀ կառավարությունը «ակտիվ» գործունեություն էր ծավալել սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակով: Նախ հայտարարվեց պայքար մենաշնորհների (մոնոպոլիաների) դեմ: Դրա հետևանքով ոմանq տուգանվեցին, սակայն գները բոլորովին չիջան (այդ դեպքում անհասկանալի է դառնում այդ պայքարի իմաստը): Այնուհետև որոշում կայացվեց վերջ դնել «փողոցային առևտրին», որի հետևանքով վերացրեցին բոլոր կրպակները (առանց ամենօրյա հացի թողնելով տասնյակ ընտանիքների), բացի հայտնի մարդուն պատկանող թերթի կրպակներից։

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել:

Արդյոք այդ ամենն արվել է բնակչության սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելու նպատակո՞վ: Համոզված չեմ:

Այսօրվա դրությամբ ՀՀ իշխանությունը գործում է իր իսկ ժողովրդի դեմ: Այնպիսի տպավորություն է, թե կառավարությունը նպատակ է դրել ստուգել՝ որքան ամուր է ժողովրդի համբերությունը և ինչքան երկար նա կդիմանա: Պարզվում է` այդ համբերությունը բավական ամուր է, քանի որ ներկայիս իշխանությունը շարունակում է գոյատևել և զարգանալ (ժողովրդից և պետությունից զատ): Այս պատճառով կառավարության շրջանում ձևավորվել է մի թյուր կարծիք՝ ժողովուրդը կհամբերի այնքան, որքան իշխանությունը կցանկանա ճնշել նրան:

Սակայն հարկավոր է հիշել աքսիոմին համարժեք մի պարզ բան` համբերության բաժակն ուշ թե շուտ լցվում է և ճնշումը բերում է հակազդեցության: Եվ հիմա արդեն հասունացել է այն պահը, երբ համբերությունը դուրս է գալիս ափերից:

Այս իրողության մեղավորներն են ՀՀ իշխանությունները (թե՛ ներկայիս և թե՛ նախկին) և մասնավորապես ՀՀ այժմյան նախագահը: Ժողովրդին որ կողմի վրա շրջես, այդ կողմով էլ նա զարգացում կապրի` լինի դա դրական թե բացասական: Իսկ ինչպես հայտնի է, ուղղություն ցույց տվողը կառավարությունն է:

Մյուս կողմից, ներկայիս իրավիճակի պահպանման հարցում ժողովրդի մեղավորությունն էլ է մեծ: Ժողովուրդը պետք է իշխանությանը հարկադրի գնալ փոփոխությունների. տվյալ պարագայում նա պետք է լիովին փոխի իշխանությունը: Այստեղ մենք կարևորագույն խնդիր ենք շոշափում՝ ՀՀ քազաքացիները, բնակչությունը ապակենտրոնացված և ապակողմնորոշված են: Սակայն եկել է ժամանակը՝ դատելու սթափ և կարողանալու զանազան բարդ ու ամպագորգոռ բառերի ետևում տեսնել տեղի ունեցող գործընթացների իրական իմաստը, նպատակը: Եվ առհասարակ ժամանակն է եկել գնալու գաղափարի (գաղափարախոսության) ետևից և ոչ թե «խոստումների»:

Ակնհայտ է, որ «Սերժ Սարգսյան & CO»-ի վարած քաղաքականությունն աշխատում է մեր բոլորի և մեր պետության դեմ: Նրանք, միանշանակ, չպետք է լինեն ՀՀ կառավարության ղեկին:

Եկեք ապացուցենք ինքներս մեզ, որ նրա՛նք չեն այն կառավարիչները, ում մենք արժանի ենք:

Դիանա Պետրոսյան

Այս խորագրի վերջին նյութերը