Քաղաքական

17.04.2024 17:25


«Համոզված եղեք՝ խոշտանգումը նկարահանել են, որ տանեն, իրենց գլխավոր ստահակը հաճույք ստանա դրանից». Գագիկ Համբարձումյան

«Համոզված եղեք՝ խոշտանգումը նկարահանել են, որ տանեն, իրենց գլխավոր ստահակը հաճույք ստանա դրանից». Գագիկ Համբարձումյան

Օրերս հանրային տրանսպորտի մեջ քաղաքացիներից մեկի՝ 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ կապված իշխանության կողմից վարվող քաղաքականության ու Հայաստանից տարածքներ զիջելու հետ, որի վերաբերյալ քաղաքացին իր կարծիքն էր արտահայտել։

Դրանից հետո Սամվել Վարդանյանը ձերբակալվեց, ձերբակալվածների պահման վայր տեղափոխելու ճանապարհին նրան դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել, նսեմացրել ու խոշտանգել: Քաղաքացուն դիմակավորված անձինք հասցրել են ոչ միայն ֆիզիկական, այլ նաև սեռական, հոգեբանական բռնություն՝ այդ ամենը հայհոյանքներով ուղեկցելով, իսկ վերջում բոլորը թքել են քաղաքացու վրա, այնպես, ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Կասկադում թքել քաղաքացու վրա։

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանը խոսելով այս ահասարսուռ միջադեպի մասին, ասաց՝ երևույթը հասկանալու, գնահատելու համար բոլորովին պարտադիր չէ իրավական համակարգում ունենալ երկարամյա փորձ կամ իրավական գիտելիքներ։

«Այս ամբողջ արկղիկը շատ հեշտ է բացվում, իշխանությունը նպատակադրված, համակարգված՝ երկիրը տանում է կործանման, և այդ ճանապարհին նրանց գործողություններին խոչընդոտող, նրանց դեմ ընդվզող մարդկանց պարզապես ահաբեկում են՝ հաշվարկված ու գիտակցաբար։ Այս ամենը շատ պարզ ու ակնհայտ է։

Համոզված եղեք, այդ տղայի խոշտանգումը նաև նկարահանել են, որ տանեն, իրենց գլխավոր ստահակը հաճույք ստանա դրանից»,-նշեց Գագիկ Համբարձումյանը։

Ըստ նրա, չպետք է տարբերություններ փնտրել Հայաստանում ձերբակալվածների ու Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ իրականացվող գործողությունների միջև։

«Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունը նույն բանն է, ինչ մեր իշխանությունը. հարազատ եղբայրներ են՝ երկվորյակ եղբայրների երրորդը Հայաստանի գլխին է կարգված։ Հետևաբար՝ նրանց գործողություններում ի՞նչ տարբերություն եք փնտրում։ Իհարկե, տարբերություն չկա»,-հավելեց նա։

Գագիկ Համբարձումյանը հիշեցրեց՝ երեկ Ոստիկանության օրն էր, ու այդ ահասարսուռ միջադեպը տեղի է ունեցել հենց այդ օրը։

«Ինչ ասել եմ երեկ, նույնն էլ այսօր եմ կրկնում՝ ոստիկանության օրվա վերաբերյալ։ Եթե նախկինում ոստիկանությունը կա՛մ լավ էր աշխատում, կա՛մ կիսալավ ու վատ, բայց նրանք իրենց առջև դրված խնդիրներն էին կատարում՝ պայքար հանցավորության դեմ, հասարակական կարգի պահպանում։ Իսկ այսօրվա ոստիկանությունը նման խնդիր չի կատարում, նրա գլխավոր խնդիրը հանցավոր կլանին պաշտպանելու մեջ է։

Ոստիկանությունը պետք է վերագտնի իր պատիվն ու արժանապատվությունը, ինքնությունը, հայրենասիրությունը, ոչ թե ճմրթված փալասի կտորի նման այդ անլվաների մոտ նման ֆունկցիա կատարեն»,-շեշտեց Գ. Համբարձումյանը։

Այս համատեքստում նա նկատեց՝ երբեմն Հայաստանում այնպիսի երևույթներ են տեղի ունենում, որ թվում է, թե Թուրքմենստանում է գտնվում։

«Օրեր առաջ, երբ Հայաստան էր եկել Տոկաևը, վաղ առավոտյան Մաշտոց փողոցում՝ օրինական վայրում, կայանել էի մեքենաս, բայց պարեկները եկան, թե՝ հանիր մեքենան, դելեգացիա է գալիս, ամբողջ փողոցը պետք է մաքրենք։ Հասել ենք Թուրքմենստանի վիճակին, երբ նրանց ղեկավարներն անցնում էին, ողջ քաղաքը դատարկում էին, պատուհաններն էլ փակում էին։

Պարեկներին ասում եմ՝ չե՞ք ամաչում, ձեր ղեկավարները մինչև հիմա շնթռկված են, բայց դուք արթնացել ու թույլ չեք տալիս քաղաքացուն կանգնել օրինական վայրում, ասացին, թե իրենց այդպես են կարգադրել, պետք է անեն»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Սամվել Վարդանյանին արդեն մեղադրանք է առաջադրվել, ինչպես իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է գրել իր ֆեյսբուքյան էջում՝ մեղադրանք ոչ միայն խուլիգանության, այլև քաղաքական հայացքներով պայմանավորված՝ թշնամանք հրահրելու հոդվածով (լուսահոգի Արմեն Գրիգորյանի, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի հոդված)։

«Սամվելին արդեն տեղափոխել են Շենգավիթի դատարան։ Դա նշանակում է, որ դատարանին ներկայացվելու է կալանավորման միջնորդություն։ Դատավորի, նիստի ժամի մասին տեղեկություն առայժմ չունենք։ Ունենալուն պես՝ ես կամ Վարազդատ Հարությունյանը կհայտնենք հանրությանը»,-տեղեկացրել է իրավապաշտպանը։

Այս խորագրի վերջին նյութերը