Քաղաքական

16.04.2024 12:20


ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայերն ու եզդիները մշտապես միմյանց կողքին են եղել, եզդիները հայերի հետ հավասար Հայոց բանակի շարքերում պաշտպանել և պաշտպանում են մեր սահմանները։ Եվ, բնական է, որ մենք չենք կարող անտարբեր լինել նրանց հետ տեղի ունեցած ողբերգություններին և չենք կարող վիճարկել 2014 թվականի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու անհրաժեշտությունը։

Սա ևս մեկ աթիռ է հիշեցնելու, որ երբ 2022 թվականին նախագիծ էի ներկայացրել՝ առաջարկելով լրացում կատարել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և ապրիլի 10-ը սահմանել Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զոհերի հիշատակի օր, ՔՊԿ-ն մերժեց։ Մերժեց ամենաանհեթեթ և ամենաանտրամաբանական պատճառաբանություններով։

Մի ուժ, որը մերժել էր Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ընդունված «Շուշիի հռչակագրի» դեմ բերված մեր հայտարարությունը, ուժ, որն Արցախը հռչակեց ադրբեջանական և իր վարած քաղաքականությամբ նպաստեց Արցախի կործանմանը, ուժ, որը հիմա «խաղաղության դարաշրջանի» անվան տակ վտանգի է ենթարկում արդեն Հայաստանի Հանրապետության գոյությունը, չէր կարող ընդունել Արցախի Հանրապետության տարածքում՝ Մարաղայում, հետանկախական Ադրբեջանի կողմից իրականացված ջարդի զոհերի հիշատակի օր սահմանելու և այդ ողբերգական դեպքերը դատապարտելու մեր առաջարկը։

ՔՊԿ-ն չհամարձակվեց դեմ գնալ իր հռչակած կիրթ ու կառուցողական ընկերոջը և ընդունել, որ ինչպես Սովետական Ադրբեջանն էր հայատյաց քաղաքականություն վարում, այնպես էլ այդ գործելաոճը շարունակվել է հետանկախական շրջանում և իրականացվում է մինչ օրս, ինչն առավել ցայտուն դարձավ 44-օրյա պատերազմի ժամանակ և հիմա արդեն՝ Արցախի հայաթափման պարագայում։

Ի դեպ, տեղին է հիշել, որ Սինջարի եզդիների ցեղասպանության հարցն օրակարգ բերած ՔՊԿ-ական, ազգությամբ եզդի պատգամավորը հիմա այսպես ասած մոռացել է, որ այս ամբիոնից ժամանակին հայտարարում էր․ «Թուրքիայում՝ միջազգային հանրության թողտվության ու անտարբերության պայմաններում, առայսօր շարունակվում է եզդիների ցեղասպանությունը»։

Հիմա երևի ՔՊԿ-ականների քիրվայական գիծը թույլ չի տալիս սա հայտարարել, քանզի ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը։ Հիմա նույնիսկ անցել են կոտորված հայերի ազգանուններն արխիվներից հանելուն, որպեսզի հետո, ամենայն հավանականությամբ, հայտարարեն, թե 1,5 միլիոնը հնարած թիվ է՝ մեր վզին «պավադոկ» դնելու և մեզ օգտագործելու համար։

Ու որպեսզի այս հակահայկական քաղաքականությունը կասեցվի, անհրաժեշտ է օր առաջ ազատվել աղետաբեր ու հակապետական իշխանությունից։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը