Քաղաքական

15.04.2024 13:08


Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times

Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ:

Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթերից տեղեկացել է բրիտանական The Times պարբերականը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին։

Ըստ փաստաթղթի՝ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը:

Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը։

Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հաղորդվում է նաև, որ քննարկվել է համագործակցություն այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան, սակայն նրանք, ըստ բրիտանական իշխանությունների, ավելի քիչ են հետաքրքրված այս համաձայնագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան «ակնհայտորեն հրաժարվել են» մտնել քննարկումների մեջ:

«Պահուստային» երկրների ցուցակը, որոնց Բրիտանիան մտադիր է դիմել, եթե չկարողանա համաձայնության գալ վերը նշված չորս երկրի հետ, ներառում է Կաբո Վերդեն, Սենեգալը, Տանզանիան, Տոգոն, Անգոլան և Սիերա Լեոնեն։

Հաղորդվում է նաև, որ Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ բանակցություններում առաջընթացը կանգ է առել Ռուանդայի համաձայնագրի հետ կապված շարունակական խնդիրների պատճառով, սակայն կառավարությունը հուսով է, որ բանակցությունները կարող են վերսկսվել, երբ Ռուանդայի ծրագիրը գործարկվի:

Աղբյուրը՝ tert.am

***

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է «The Times»-ի հրապարակմանը, ըստ որի` Մեծ Բրիտանիան Հայաստանի և մի քանի այլ երկրների ներկայացուցիչների հետ բանակցություններ է սկսել ապօրինի ներգաղթյալներին արտաքսելու օրինագծի շուրջ:

«ՀՀ-ՄԹ-ն ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, իսկ կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցով բովանդակային կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»,–Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«The Times»-ը ապրիլի 15-ին հոդված է հրապարակել՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել արտահոսքի պատճառով: Հոդվածում ասվում է, որ Մեծ Բրիտանիան Ռուանդայի հետ պայմանավորվածության սխեմայով անօրինական միգրանտներին արտաքսելու շուրջ բանակցություններ է սկսել Հայաստանի, Կոտ դ'Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը