Քաղաքական

13.04.2024 17:11


Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին

Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին

Այսօր ամողջ աշխարհը քննարկում է Իրանի և Իսրաելի միջև հնարավոր պատերազմի հարցը:

Դրա հետ կապված՝ ոսկու գինը հասել է աստղաբաշխական չափերի: Մեկ ունցիայի գինը երեկ տատանվում էր 2400 դոլարի սահմաններում: Այսինքն, մեկ շաբաթվա ընթացքում այն թանկացավ ավելի քան 10 տոկոսով:

Փորձագետների կանխատեսմամբ, եթե այդ բախումն իրական դառնա, ապա այն կարող է վերածվել մեծ պատերազմի, որի մեջ կարող են ներգրավել նաև այլ երկրներ:

Եթե դրան ավելացնենք, նաև ուկրաինական պատերազմի առկայությունը, ապա փորձագետները չեն բացառում, որ աշխարհը կարող է հայտնվել երրորդ համաշխարհային պատերազմի շեմին:

Ընդ որում, ինչպես արձանագրված է անցյալում, պարտադիր չէ, որ համաշխարհային պատերազմները սկսվեն մեծ տերությունների քայլերի արդյունքում:

Ֆրանց-Ֆերդինանդի սպանությունից առաջ չկային նախադրյալներ, որ Ռուսաստանը պիտի պատերազմեր Գերմանիայի հետ: Եվ առավել ևս, Օսմանյան կայսրությունը հիմք չուներ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ:

Սակայն հետագա զարգացման տրամաբանությունը, հանգեցրեց դրան:

Նույնը այսօր է, ո՛չ Մոսկվայում, ո՛չ էլ Վաշինգտոնում չեն ուզում իրար դեմ պատերազմել: Սակայն իրադարձությունների տրամաբանությունը, կարող է հանգեցնել դրան:

Օրինակ, Զելենսկին չի կարող համաձայնվել ռուսական պահանջների հետ, քանի որ դրանից հետո նրան կմեղադրեն դավաճանության մեջ և կդատեն: Չէ որ այդ երկրում արդեն մոտ կես միլիոն մարդ է զոհվել:

Իսկ Պուտինն էլ չի կարող հետ հանձնել արդեն գրաված տարածքները, քանի որ իրեն կմեղադրեն դավաճանության մեջ, արդեն ռուս զինվորականները:

Իսկ դա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չի ավարտվի, եթե Զելենսկին և Պուտինը միաժամանակ, մնան իրենց տեղերում:

Ուրկրաինական հակամարտությանը փոխլրացնում է նաև արաբա-իսրայելական ճգնաժամը՝ Գազայում տիրող իրավիճակի պատճառով: Բայց դրան ավելացավ նաև իրանյան գործոնը, երբ Իսրայելը գնդակոծեց Իրանի հյուպատոսությունը Դամասկոսում:

Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, այս տարածաշրջանում իրավիճակը սրում է, անձամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն: Պատճառը նման է ուկրաինական տարբերակին:

Նաթանյահուին Իսրայելում մեղադրում են մի քանի խնդիրների պատճառով: Նախ, նա անցնում է կոռուպցիայի գործով, նրան մեղադրում են նաև իրավական բարեփոխումների պատճառով: Իսկ անցյալ տարվա հոկտեմբերի 7-ի հայտնի դեպքերից հետո, երբ Համասի գրոհայիններին հաջողվեց ներխուժել Իսրայելի տարածք, այդ երկրի վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, պատերազմի ավարտից հետո Նաթանյահուին սպասվում են ծանր դատական գործընթացներ:

Ահա թե ինչու է նա շահագրգրված, որ պատերազմը տարածաշրջանում չավարտվի: Կամ ավարտվի այնպես, որ Իսրայելը ստանա այնպիսի առավելություն, որ իրեն համարեն հերոս, և նրա բոլոր մեղքերը մոռացվեն: Պարզ է, որ դա, առանց մեծ պատերազմի, հնարավոր չի լինի իրականացնել, ինչը կարող է վտանգել նաև Իսրայելի անվտանգությունը:

Գրեթե նույն վիճակում է գտնվում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում:

Տարբերվում է միայն խնդրի էությունը: Եթե Նաթանյահուին պետք է պատերազմ հաղթանակի գնով, ապա Փաշինյանին անհրաժեշտ է ամեն գնով Հայաստանը դուրս բերել Մոսկվայի ազդեցությունից, որպեսզի իրեն չդատեն: Կամ Հայաստանը պիտի լինի Թուրքիայի ազդեցության տակ, կամ այն չպիտի լինի, որպեսզի Փաշինյանը չդատվի: Ահա այսպիսին է Փաշինյանի փրկության բանաձևը:

Փաստորեն, մի շարք արկածախնդիր գործիչների պատճառով, աշխարհն այսօր գտնվում է պատանդի կարգավիճակում, ինչի հետևանքով կարող է առաջ գալ նույնիսկ երրորդ համաշխարհային պատերազմ: Շատերին դա կարող է անհավատալի թվալ: Ո՞վ կարող էր ասել, որ օրինակ 1914 ին, կամ 1939-ին, մարդիկ կարող էին հավատալ, որ կանգնած էին մեծ պատերազմների շեմին:

Ի վերջո, պատերազմները լինում են ոչ միայն օբյեկտիվ, այլև սուբյեկտիվ պատճառներով, երբ արկածախնդիր գործիչների քանակը տվյալ ժամանակահատվածում կրիտիկականի է հասնում:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը