Լրահոս

11.04.2024 13:04

Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի

Արմավիրի մարզում ավազի մեջ հայտնաբերվել է «Porsche Cayenne»-ը, որով երեկ հափշտակել էին 36 կգ ոսկի, 293 մլն ռուբլի

Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները համագործակցելով Ազգային անվտանգության ծառայության հետ, հսկայածավալ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում Արմավիրի մարզում հայտնաբերել են ավազի մեջ կիսաթաղված վիճակում գտնվող «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ունեն հիմնավոր կասկածներ, որ նշված ավտոմեքենայով են կատարել նախօրեին տեղի ունեցած դիմակավորված ու զինված ավազակային հարձակումը, որի ժամանակ հափշտակել էին 36 կգ ոստի և 293 միլիոն ՌԴ ռուբլի, ապա նշված «Porsche Cayenne»-ով դիմել էին փախուստի:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 10-ին, Քննչական կոմիտեն հայտնել էր, որ ժամը 07:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իր ազգականների վրա տեղի է ունեցել զինված հարձակում և նրանց թալանել են:

Ահազանգից անմիջապես հետո Արմավիրի մարզի Փարաքար համայնք տանող ճանապարհին հայտնաբերվել է «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենա, իսկ մայթեզրին գտնվել են 3 անձ, որոնց ձեռքերին ամրակցված են եղել ձեռնաշղթաներ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննության շրջանակերում նախնական, դեռևս քննությամբ ստուգման ենթակա տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ապրիլի 10-ին՝ ժամը 07:10-ի սահմաններում դիմակավորված, ատրճանակներով զինված առնվազն 4 անձ ավտոմեքենայով կանգնեցրել են վերը նշված 3 անձանցից մեկի վարած «Հունդաի Սոնատա» մակնիշի ավտոմեքենան, վարորդին ու 2 ուղևորներին բռնություն գործադրելով իջեցրել ավտոմեքենայից, պառկեցրել գետնին ու ձեռնաշղթաներ հագցրել։

Այնուհետև, արցունքաբեր գազ կիրառելով՝ երեքին էլ նստեցրել են ավտոմեքենան, հափշտակել բեռնախցիկում գտնվող ճամպրուկների և պայուսակների մեջ եղած մոտ 1 միլիարդ 24 միլիոն ՀՀ դրամ գումարին համարժեք, շուրջ 36 կիլոգրամ ոսկյա երեք ձուլակտորներ, մոտ 1 միլիարդ 216 միլիոն ՀՀ դրամին համարժեք 293 միլիոն ռուբլի գումարը և դիմել փախուստի:

Հիշյալ 3 անձինք ճանաչվել են տուժող։

Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել է տեսանկարահանող սարք, որի տեսագրությունների կրիչն առգրավվել է, վերցվել են նաև նշված անձանց ամրացված ձեռնաշղթաները:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են քննչական, վարութային, օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքներն ու առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու նպատակով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։