Քաղաքական

07.04.2024 11:48


Շուրջ 32 միլիոն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար

Շուրջ 32 միլիոն դրամ՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար

Պատերազմի եզրին կանգնած Հայաստանում, որը, սահմանային անվտանգային լրջագույն խնդիրներից բացի, ունի նաև բազմաթիվ սոցիալական սրված հարցեր՝ անտուն մնացած արցախցիների խնդիր, գումարած օր օրի աճող արտագաղթ (16 հազար արցախցի արդեն լքել է Հայաստանը), Փաշինյանի աշխատակազմը որոշել է միլիոնավոր դրամներ հատկացնել ու բարելավել Փաշինյանի լիազորությունների իրականացման ապահովման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքների պայմանները։

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվել է 31,920.86 հազար դրամ։

Ըստ Ֆինանսների նախարարության՝ քանի որ Փաշինյանի աշխատակազմին այսքան գումար հատկացնելու հարցը նախապես չի ներկայացվել 2024 թվականի բյուջետային հայտով, չի քննարկվել բյուջետային գործընթացի շրջանակներում, հետևաբար՝ հիմա այդքան գումարի պահանջն անտեղի է, քանի որ 2024 թվականի պետական բյուջեում և բյուջեի լրացուցիչ ծախսերի առաջնահերթություններն այլ են։

Ավելին՝ Ֆիննախից Փաշինյանի աշխատակազմին բացատրել են՝ հնարավոր մակրոտնտեսական ռիսկերին դիմակայելու, ինչպես նաև չկանխատեսված հումանիտար և սոցիալական մարտահրավերներին դիմագրավելու միտումով՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության սոցիալական և բնակարանային ապահովման խնդիրների կարգավորման հրատապությունը, պետք է ձեռնպահ մնալ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից չպլանավորված և առաջնահերթություն չհամարվող ծախսերի ֆինանսավորման համար հատկացումներ կատարելուց, կամ գումարը հայթայթել Փաշինյանի աշխատակազմի համար նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում:

Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի աշխատակազմը չունի ազատ ֆինանսական միջոցներ և պահանջված մոտ 32 միլիոն դրամը հատկացվել է Կառավարության պահուստային ֆոնդից։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ էլ սեփական անվտանգության ապահովման համար Փաշինյանի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել՝ բյուջեից հատկացնելով 10 մլն 600 հազար դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը