Մեկնաբանություն

05.04.2024 16:59


Բրյուսելում սահմանեցին Հայաստանի օգտագործման գինը՝ 270 միլիոն եվրո

Բրյուսելում սահմանեցին Հայաստանի օգտագործման գինը՝ 270 միլիոն եվրո

«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

Հայաստանին խոստացել են 270 միլիոն եվրո տալ: Սա թմբկահարված բրյուսելյան հանդիպման արդյունքն է: Այն հանդիպման, որին մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը:

Փաշինյանն ու իր թիմակիցները մինչև ապրիլի 5-ը տարածում էին, որ միլիարդներ են տալու Հայաստանին: Դրանով փորձում էին հիմնավորել Հայաստանի՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ մանրադրամ դառնալու նպատակահարմարությունը: Անունը դրել են «Հայաստանի եվրաինտեգրացիա», բայց իրականում սա աշխարհաքաղաքական գործընթացներում մանրադրամ դառնալու քայլ է՝ հանուն Նիկոլի անձնական խնդիրների լուծման՝ կաշվի փրկության:

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի շուրջ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ի պրահյան գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Սկզբում զոհ գնաց Արցախը: Հիմա աճուրդի է հանվել Հայաստանը: Բրյուսելում հայտարարվեց գինը: Բայց անկախ գնից՝ երևույթն ինքնին մերժելի ու դատապարտելի է: Վրաստանն ու Ադրբեջանը չեն մտնում այդ խաղի մեջ, չեն դառնում ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ, բայց Նիկոլը Հայաստանը մտցնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ:

270 միլիոնը Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելու գինն է: Ըստ այդմ՝ Արևմուտքը շատ ձեռնտու գործարքի է գնում՝ Հայաստանին խոստանում է 270 միլիոն, Նիկոլին խոստանում է անձնական պաշտպանություն: Փոխարենը ստանում է հակառուսական, հետագայում նաև հակաիրանական պոլիգոն: Իսկ թե ինչ կլինի հայ ժողովրդի ու Հայաստանի հետ, նրանց քիչ է հետաքրքրում: Դե եթե Հայաստանը ներկայացնող Փաշինյանին դա չի հետաքրքրում, ապա ինչու՞ պետք է այլոց դա հետաքրքրի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը