Քաղաքական

04.04.2024 14:58


«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ (տեսանյութ)

«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ (տեսանյութ)

Ցավոք սրտի ո՛չ Սունդուկյանի անձնակազմից և ղեկավարությունից, ո՛չ էլ նախարարությունից ոչ ոք չի եկել. դա խոսում է այն մասին, որ նրանց չի հետաքրքրում «Գոյ» թատրոնի լինել չլինելը, այսինքն մտահոգված չեն, դա փաստ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի մի քանի դերասանի հետ միասին երեկ նստացույց էր սկսել, և ամբողջ գիշերն անցկացրել թատրոնի մուտքի մոտ:

«Դռան վրա գրված է հարգելի, բայց երբ դու նստում ես այդ հարգելի բառի տակ, արտահայտում քո անհամաձայնությունն ու բողոքը, չեն գալիս նստեն, խոսեն, հասկանան, որ ինչ-որ մի բան լինի ի օգուտ երկու կողմի»,-ասում է Սարգիս Արզումանյանը և ցույց տալիս թատրոնի փակ դռան վրա փակցված գրությունը, որով Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը Գոյ թատրոնի «հարգելի» աշխատակիցներին առաջարկում է ծառայողական մուտքից օգտվել:

Սարգիս Արզումանյանի խոսքով, երեկվանից շատ զանգեր ու նամակներ է ստացել գործընկերներից: Նա հույս ունի, որ իրենց բողոքին կմիանա նաև հանդիսատեսը, և միասին կհասնեն նրան, որ նախարարությունը չեղարկի թատրոնների միացման որոշումը, և հնարավորություն կտա «Գոյ» թատրոնին անկախանալու:

«Այս նստացույցի նպատակն իմ կողքին համախոհներին համախմբելն է: Այսօր գալու են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ֆեյսբուքյան և այլ հարթակներում մեկնաբանություններ անելուց բացի նաև գործել: Մենք կփորձենք այդ մարդկանց հետ համագործակցել»,-պարզաբանում է Սարգիս Արզումանյանը:

Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին, դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:

Այս խորագրի վերջին նյութերը