Քաղաքական

14.11.2011 13:12


ԲՀԿ–ական. «Իջևանցին զգաց, որ իր տված քվեն պաշտպանվեց»

ԲՀԿ–ական. «Իջևանցին զգաց, որ իր տված քվեն պաշտպանվեց»

Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով որպես վստահված անձ ներկա էր երեկ Իջևանում կայացած քաղաքապետի ընտրություններին, «7օր»–ին ասել է, որ Իջևանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդան Ղալումյանի հրավիրած հանրահավաքում իր խոսքում նշել է. «Մեր համար գերխնդիրը ազատ և արդար ընտրությունների անցկացումն է»։

–Մեզ համար գերխնդիրն այն է, որ իջևանցին և ընդհանրաես ընտրողը զգա իր քվեի կարևորությունը, ընտրողը զգա, որ իր քվեն պաշտպանվա՛ծ է, որ իր քվեն, իր ձայնը հասնո՛ւմ է տեղ։ Ում ուզում էր ընտրեր իջևանցին, մեզ համար կարևոր էր, որ նրա քվեն լիներ պաշտպանված և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, քաղաքական խորհրդի մի քանի անդամներ այնտեղ էին ազա՛տ, արդա՛ր ընտրությունները պաշտպանելու համար,–«7օր»–ի հետ զրույցում ընդգծել է ԲՀԿ–ական պատգամավորը։

Ն. Զոհրաբյանը չի ցանկացել խոսել այդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած որոշ միջադեպերի մասին՝ ընտրապայքարում դրանք բնական համարելով, և միայն ընդգծել է.

–Իջևանցին զգաց, որ իր տված քվեն պաշտպանվեց, ընտրատարածքներում իր տված քվեն պաշտպանվեց և դա այսօր ես իրապես շատ կարևոր եմ համարում։ Մենք արդեն պետք է խոսենք ապագայի մասին. մեր քաղաքապետի թեկնածուն հրաշալի ծրագրեր, նպատակներ ունի և ես կարծում եմ, որ այդ ծրագրերը նա կարողանալու է իրականացնել։

Ինչ վերաբերում է մամուլի այն հրապարակումներին, թե պատգամավորն իրավունք չունի լինել վստահված անձ, Ն. Զոհրաբյանը նկատել է.

–Իմ նախկին գործընկերներին խորհուրդ կտամ կարդալ Ընտրական օրենսգրքի 32 հոդվածի 3–րդ կետը, որտեղ նշված է, թե ովքեր չեն կարող լինել վստահված անձ։ Այդ ցուցակում՝ դատախազներ, դատավորներ և այլն, պատգամավորի մասին խոսք չկա և պատգամավորը կարող է լինել վստահված անձ։ Այո՛, ես ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Ղալումյանի վստահված անձն եմ եղել, ինչպես նաև մեր պատգամավորներից մի քանիսն ինձ հետ մեկնել էին Իջևան։

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «7օր»–ին տրամադրած տվյալներով՝ ԲՀԿ–ական Վարդան Ղալումյանը ստացել է 5044 ձայն, իսկ ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանը՝ 3386։ Այսպիսով՝ 1685 քվեների առավելությամբ Իջևանի քաղաքապետ է ընտրվել և 13 տարի Իջևանը ղեկավարած Վարուժան Ներսիսյանի նկատմամբ հաղթանակ է տարել Վարդան Ղալումյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը