Քաղաքական

03.04.2024 11:07


Երևանը ԼՂ-ի հարցով որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա (տեսանյութ)

Երևանը ԼՂ-ի հարցով որոշումներ է ընդունել ՆԱՏՕ-ի ազդեցության տակ. Զախարովա (տեսանյութ)

Հայտարարություններն այն մասին, որ Մոսկվան և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ժամանակաշրջանում չեն օգնել Հայաստանին, սուտ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում։

Արևմտյան երկրներն են առաջ են քաշել Լեռնային Ղարաբաղից Հայաստանի պաշտոնական հրաժարման թեման, նշել է նա։

«Չճանաչված հանրապետության բնակիչների իրավունքները որևէ կերպ հասցեագրված կամ երաշխավորված չեն այն փաստաթղթերում, որոնք ստորագրվել են ՆԱՏՕ-ի թելադրանքով։ Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է։ Բոլոր նրանց, որոնք ընդունում և տարածում են այս գաղափարը, ես մեղադրում եմ ստի համար: Սա ճիշտ չէ, սա սուտ է։ Պաշտոնական Երևանն այս որոշումը կայացրել է Արևմուտքի հետ խորհրդակցություններից հետո։ Ես ստախոսության համար մեղադրում եմ բոլոր նրանց, որոնք տարածում են Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մեղքի գաղափարը Ղարաբաղի վերաբերյալ Երևանի կայացրած որոշումների համար»,-ասել է Զախարովան։

«Գլխավորն այն է, որ հիմա, երբ Երևանի իշխանությունները տնօրինեն մյուս տարածքները, գյուղերը և այլն, հիշեն և պատասխանատվություն կրեն իրենց որոշումների համար և ոչ մեկի վրա չբարդեն իրենց սխալների մեղքը»,-ասել է Զախարովան։

Ըստ նրա՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հնարավոր սրումն ուղղակիորեն կախված է նրանից, թե պաշտոնական Երևանը որքանով թույլ կտա ԵՄ-ին, ԱՄՆ-ին և Բրիտանիային ապակառուցողականորեն ազդել տարածաշրջանում և երկրում իրավիճակի վրա։

«Գլխավորն այն է, որ այժմ այդ անշնորհակալ քաղաքացիները ճակատագրական սխալ չգործեն՝ ստեղծելով այս սարսափելի ինտրիգը ոչ թե հօգուտ սեփական շահերի, այլ դրանց դեմ»,-ասել է Զախարովան։

***

Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են հայկական հին քաղաքակրթությունը, որն ունի դարավոր պատմություն, համեմատում Եվրամիության հետ, որի գործերն այսօր ակնհայտորեն վատ են, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես այսօր տեսա Հայաստանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներից մեկի մեջբերումը: Նա ասում էր, որ Հայաստանը եվրոպական ժողովրդավարական և որոշ այլ արժեքների կրողն է: Գիտե՞ք ինչն է ինձ զարմացնում։ Ինչո՞ւ են Երևանում գործող իշխանությունների ներկայացուցիչներն այդքան դեմփինգ անում: Ինչո՞ւ են հնագույն հայկական քաղաքակրթությունը` եվրոպական ժողովրդավարությունից շատ առաջ գոյություն ունեցած մշակույթով, պատմությամբ, պետականությամբ, համեմատում Եվրամիության հետ, որը ներկայում իսկապես փակուղում է: Եվ հենց սրա մասին են խոսում, երբ մեջբերում են եվրոպական ժողովրդավարության մասին խոսքեր»,-ասել է Զախարովան։

«Հայաստանը մշակույթ է, պետական կառույց, և սրանք պետականության այն հիմքերն են, որոնց արմատները ձգվում են հազարամյակների խորքը: Դրանք հազարամյա պատմություն ունեն»,-շարունակել է Զախարովան:

Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ ԵՄ-ն «բացարձակ ամորֆ, թույլ կամք ունեցող, փլուզվող կառույց է»:

Զախարովայի խոսքով՝ «հիմա հազարամյա պատմությամբ հնագույն քաղաքակրթության ներկայացուցիչը, որին կարծես թե հայելի են տվել ադամանդի, ռուբինի կամ զմրուխտի դիմաց, խնդրում է իրեն հարաբերել ճգնաժամի մեջ գտնվող միության հետ»:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը