Քաղաքական

02.04.2024 19:42


Ապրիլի 5-ի հանդիպումից հետո սկսվելու է Հայաստանի փլուզման, տարածքների կորստի և նոր՝ 21-րդ դարի ցեղասպանության գործընթացը

Ապրիլի 5-ի հանդիպումից հետո սկսվելու է Հայաստանի փլուզման, տարածքների կորստի և նոր՝ 21-րդ դարի ցեղասպանության գործընթացը

Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպեն ապրիլի 5-ին Բրյուսելում՝ համաձայնեցնելու Երևանի եվրոպական ինտեգրման պայմանները: Միջոցառման նախապատրաստման շրջանակներում կողմերը քննարկելու են Արևմուտքից Հայաստանի անվտանգության երաշխիքների «խոստումները», ինչպես նաև՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու հնարավորությունը:

Այս գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված են իրական նպատակները:

Արևմուտքը Փաշինյանի ձեռքերով ուզում է կազմաքանդել Հայաստանը, որպեսզի այդ քայլով հարված հասցնի նաև Մոսկվային: Ուկրաինական ճակատում անհաջողություն արձանագրելուց հետո, Արևմուտքը ուզում է ռևանշ վերձնել մեր տարածաշրջանում, ընդ որում՝ Փաշինյանի միջոցով: Իսկ «գործիքի» դերը վերապահված է Հայաստանին:

Պարզ է, որ այս քայլերը խիստ բացասական են դիտարկում Մոսկվայում: Իսկ Բաքվում հետևում են, թե երբ են կարողանալու զգալ այն պահը, որպեսզի օգտվեն այս իրավիճակից և սկսեն Հայաստանի կազմաքանդման գործնթացը:

Մոսկվան արդեն հրապարակավ արձագանքել է, նշելով, որ «Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև»:

Իսկ Ադրբեջանը հայտարարում է, որ այս հանդիպումը, կարող է «...խանգարել Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքներին...»:

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները փոխարինենք պարզ, մարդկային արտահայտություններով, ապա կնշանակի հետևյալը: Մոսկվան հայտարարում է, որ թույլ չի տալու Արևմուտքին ամրապնդվել Հայաստանում, իսկ Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է օգտվել այս իրավիճակից, մեծ տարածքային «նվերի» դիմաց:

Այս գործընթացը իրականում սկսվել էր արդեն 44-օրյա պատերազմից հետո: Սակայն միս ու արյուն ստացավ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին այցի ժամանակ: Հենց այդ ժամանակ հայտարարվեց անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ ի աջակցություն նրա՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բրյուսելում հանդիպման նախապատրաստման շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անցած շաբաթ օրը Երևանում հավատարմագրված ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների դեսպանների հետ քննարկել է, այսպես կոչված, «զգայուն ապրանքների» արտահանման և տարանցման խնդիրները:

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից թմբկահարված տնտեսական աճի հիմնական պատճառը հենց այս «զգայուն ապրանքները» Ռուսաստան արտահանմամբ է պայմանավորված եղել: Արևմուտքը, որ պարտություն է կրում Ուկրաինայում, փորձում է ողջ Աշխարով մեկ է՛լ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ նրանք առաջարկում են Փաշինյանին «այլնտրանքներ» նախանշել, որպեսզի Հայաստանը մի կողմից հրաժարվի այդ «զգայուն ապրանքների» արտահանումից դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ստանա «երաշխիքներ», որ դրա դիմաց կունենա կոմպենսացիա՝ Արևմուտքի կողմից:

Արևմուտքի հետ Երևանի նոր հարաբերությունների համար առաջարկվող ռազմավարությունը ուրվագծվում է Բրյուսելում հանդիպումից առաջ հրապարակված ծավալուն զեկույցում, որը «Հայաստանի բարեկամների ցանց» է անվանվում: Փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ և ստացել է ամպագոռգոռ` «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» անվանում:

Այդ զեկույցի հեղինակները կոչ են անում ստեղծել Հայաստանի համար Արևմուտքի վրա հիմնված անվտանգության նոր համակարգ, որը կպահանջի երկրից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, ինչպես նաև դադարեցնել Երևանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցությանը:

Մոսկվան այնքան էր զայրացած այս զեկույցից, որ իր ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ «...102-րդ ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է...»:

Արևմտյան այդ եզրակացության մեջ նույնիսկ խոստովանված էր, որ Երևանին աջակցությունը, իրեն չարդարացնող ծրագիր է: Այսինքն, արևմտյան փորձագետները ցինիկաբար խոստովանում են, որ Հայաստանի արևմտամետության գործնթացը էֆեկտիվ չէ, նույնիսկ այսօրվա Արևմուտքի շահերից: Չափից դուրս շատ մեծ են ռիսկերը, որոնք Արևմուտքը ի վիճակի չէ կոմպեսացնել:

Ողբերգությունը այն է, որ Փաշինյանն է այս գործնթացի գլխավոր ջատագովը, քանզի դրանից է կախված լինելու իր քաղաքական ապագան: Իսկ ինչ վերաբերում է ռիսկերին, ապա Փաշինյանի համար կա մի փրկության բանաձև:

Կա՛մ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ազդեցությունից դուրս, կա՛մ... չլինի ընդանրապես, որպեսզի իր իշխանությունը կորցնելուց հետո, ինքը՝ Փաշինյանը չկանգնի դատարանի առաջ: Հենց դրա պատճառով էլ նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչի իր այդ ծրագիրը:

Ավելին, Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալ միտքը. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Սա, մարդկային ընկալելի լեզվի թարգմանելով, ստացվում է, որ Փաշինյանը Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալը. քանի որ խաղասեղանին դրված է իմ անվտանգության խնդիրը, ապա Հայաստանը պատրաստ է վճարել ցանկացած գին, միայն թե՝ Հայաստանը դուրս գա Մոսկվայի ազդեցությունից:

Ավելին, Ալենը այնքան է շտապում, որ պատրստ չէ սպասել ԵՄ-ի դռների հետևում, ինչպես Թուրքիան և Վրաստանը: Պատկերացնո՞ւմ եք, իր կաշին փրկելու Փաշինյանի ցանկությունն այնքան մեծ է, որ նա պատրաստ է Վրաստանից էլ, Թուրքիայից էլ ավելին անել, որպեսզի Արևմուտքը համաձայնի Հայաստանին դարձնել ԵՄ անդամ:

Հասկանալի է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Սիմոնյանը չեն հավատում իրենց այս խոսքերին: Պարզապես հույս ունեն, որ վերջապես Մոսկվան իրենց այս քայլերին կոշտ կարձագանքի, որպեսզի դրանից հետո նրանք կարողանան Հայաստանի կազմաքանդման խնդիրը բարդել Մոսկվայի վրա: Դրանից հետո, դեպի Արևմուտք ճողոպրելը ավելի «լեգիտիմ» տեսք կստանա, ըստ իրենց պատկերացումների:

Իսկ որտե՞ղ է գտնվում ընդդիմությունը. Ինչո՞ւ նրա ձայնը չի լսվում

Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունված բանաձևում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի ժողովրդավարությունը ամրապնդող բարեփոխումների ուղին, «դա կարող է ճանապարհ հարթել ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերափոխման համար»:

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են նաև, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը պետք է «ակտիվորեն աջակցեն ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ցանկությանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտում: Ոլորտային ինտեգրում և անվտանգության ոլորտում համագործակցություն»:

Ո՞վ գիտե, միգուցե այդ «քաղաքական երկխոսության» և «մարդկային շփումների» մասով ինչ-որ մի փայ հասել է նաև ընդդիմությա՞նը:

Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ իր հաշվարկներն ունի՝ փլատակների հաշվին, կապիտալիզացնել իր շահերը:

Պարզ է մեկ բան. այդ նպատակները ոչ մի կապ չունեն հայ ժողովուրդի իրական շահերի և նպատակների հետ:

Բոլորի իրական առերեսման պահը մոտենում է:

Ադրբեջանն արդեն պատրաստվում է օգտվել այս իրավիճակից:

Անցյալ շաբաթվա վերջին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Պավել Կնյազևի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, «...տարածաշրջանից հեռու երկրները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, Բաքվի անհանգստությունն է հարուցում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան առաջիկա հանդիպումը...»:

Շարունակելով Բայրամովի խոսքերը, այդ երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «... տարածաշրջանում բոլոր տիպի անկանխատեսելի գործընթացների համար պատասխանատվությունը պիտի կրեն Հայաստանի հետ միասին ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնպես...»:

Թե ինչ է դա նշանակում, հասկանում են բոլոր տառաճանաչ շրջանակները:

Այսօր արդեն կարող ենք քննարկել, թե ինչպես է կազմաքանդվելու Հայաստանը, իսկ իր բնակչությունը՝ կրկնելու ղարաբաղցիների ճակատագիրը:

Պարզապես պիտի նաև նշենք, որ այս հարցում Փաշինյանը չի լինելու միակ պատասխանատուն, և դա արդեն հասկանում է մեր հանրության մեծ մասը:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը