Մեկնաբանություն

02.04.2024 11:11


Արևմուտքը Ռուսաստանի դեմ ռևանշի է ուզում հասնել Հայաստանի հաշվին

Արևմուտքը Ռուսաստանի դեմ ռևանշի է ուզում հասնել Հայաստանի հաշվին

Ուկրաինական ճակատում Արևմուտքի գործերը լավ չեն։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը «սպառնում» է զորք մտցնել Ուկրաինա, բայց դե դա հին ֆրանսիական հումոր է։ Ֆրանսիական զորքերը կփրկեն Ուկրաինան ճիշտ այնպես, ինչպես ժամանակին Կիլիկիան փրկեցին։

Ինչպես անգլիական նավերը չեն բարձրանում մեր լեռները, այնպես էլ ֆրանսիական բանակը չի մտնի կռվի մեջ։ Դա ընդամենը քարոզչական հուժկու արշավ է։ Հայերիս էլ են այդպես հուժկու աջակցելու՝ զոհասեղանին դնելուց առաջ։

Նիկոլը Հայաստանը դարձնում է մանրադրամ

Ուկրաինայում Արևմուտքի գործերը վատ են։ Փոխարենը լավանում են Հարավային Կովկասում։ Վրաստանի միջոցով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել չհաջողվեց, փոխարենը հաջողվում է Հայաստանով։ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հակառուսական ճակատ բացել Մոսկվայի դեմ։ Արցախն արդեն հանձնված է։ Հերթը Հայաստանինն է։ Եթե Արցախն ու Հայաստանը չլինեն, ապա ռուսական զորքն այստեղ անելիք չի ունենա։ Արևմուտքի հաշվարկը հենց սա է։

Արևմուտքը մեզ ոչ մի երաշխիք չի տալիս ադրբեջանական ագրեսիայի հարցում, բայց փոխարենը տալիս է գեղեցիկ խոստումներ ու անում հուժկու հայտարարություններ։

Արևմուտքը չի թաքցնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան իր համար կարևոր երկրներ են։ Հայաստանին Արևմուտքը դիտում է որպես գործիք՝ ՌԴ–ի ու Իրանի դեմ պայքարում։ Նիկոլն իր անձնական շահերից ելնելով՝ համաձայնել է «փուռը» տալ Հայաստանը։

ԱՄՆ–ը և ԵՄ–ը որոշել են հայ ժողովրդին մորթվելուց առաջ գեղեցիկ կենացներ նվիրել։ Ասում են՝ մենք ձեզ անվտանգություն չենք ապահովի, բայց եթե որոշեք մորթվել հանուն Ռուսաստանի դեմ պայքարի, ապա մենք ձեզ կարող ենք ․․․ փող խոստանալ։

Ապրիլի 5–ին Բրյուսելում կայանալիք հանդիպումն այդ մասին է։ Հանդիպելու են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Նիկոլ Փաշինյանը։

Ալիևը հմտորեն դիստանցավորվում է այդ հանդիպումից ու Կրեմլի մոտ սրտնեղում դրանից։ Արևմուտքը շտապում է հայտարարել, որ բացառապես տնտեսական հարցեր են քննարկվելու։ Մինչդեռ Հայաստանի համար հրատապն ու սուրն անվտանգության հարցն է, քանզի Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման։ Արևմուտքի խնդիրը, սակայն, ադրբեջանական հարձակումը չէ։ Իր խնդիրը ՌԴ–ին այս տարածաշրջանում Թուրքիայով փոխարինելն է։

Մոսկվան ամեն կերպ ցույց է տալիս, որ դժգոհ է ապրիլի 5–ի թեմայով ու դա կարող է անդառնալիության կետ դառնալ ՀՀ–ՌԴ հարաբերություններում։ Նիկոլն ամեն ինչ հասկանալով՝ սրում է ՌԴ–ի հետ հարաբերությունները, քանզի պատվերն է այդպիսին։

Ադրբեջանը սպասում է ՀՀ–ՌԴ հարաբերությունների անդառնալիության կետին։ Բրյուսելյան եռյակին, սակայն, Հայաստանը չի հետաքրքրում։ Արևմուտքը ՌԴ–ի դեմ Ուկրաինայի համար ռևանշի հասնելու հնարավորություն է տեսել Հայաստանի միջոցով ու Հայաստանի հաշվին։

Նիկոլը ծախում է Հայաստանը։ Դրա պաշտոնական մասը տեղի կունենա Բրյուսելում։ Անունը դրել են «Արևմուտքի տնտեսական աջակցություն Հայաստանին», բայց ընդամենն արևելյան ձևով բազառ են անում՝ հայ ժողովրդի արյան գնով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը