Քաղաքական

27.03.2024 18:10


Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Հակառուսականության ալիքի վրա ՀՀ իշխանությունների կողմից որոշում է կայացվել 2024-ի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և ՌԴ սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում:

Խնդիրը թերևս չէր մտահոգի, եթե հարցն այսքանով սպառվեր: «Զվարթնոց» օդանավակայանում ռուսական ներկայությունն ու դերը չնչին են ծառայողների թվաքանակի խիստ ցածր լինելու և իրավական գործիքակազմ չունենալու պատճառով, քանզի ծառայության առումով բոլոր որոշումները կայացվում են ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարության կողմից: Հետևաբար «Զվարթնոցի» հետ կապված որոշումն ունի բացառապես քաղաքական ենթատեքստ:

Օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը, փաստացի ստեղծված իրավիճակը վկայում են, որ Ռուսաստանի հետ պառակտող քայլերը շարունակական են լինելու: Այսինքն` հաջորդաբար դադարեցվելու է մեր համագործակցությունը` հանվելու են ռուսական 102-րդ բազան, ինչպես նաև ռուսական սահմանապահ բոլոր չորս զորամասերը:

Մեր գնահատմամբ Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել հայ-թուրքական պետական սահմանը, այն առանց ՌԴ աջակցության պահել անառիկ: Պատճառներն ավելի քան ակնհայտ են`

-չունենք բավարար քանակով մասնագիտացված ու օժանդակ սպայակազմ: Դրա պատրաստման համար ժամանակ, միջոցներ են պետք,

-հայ-թուրքական սահմանում գործում է դեռևս Խորհրդային Միության տարիներից սկսած ինժեներական կառույցներ և միջոցներ, որոնց պահպանումը, սպասարկումը ոչ միայն ֆինանսական մեծ ծախսեր են պահանջում, այլև այդ կառույցների, միջոցների համար նեղ մասնագիտացված կադրեր,

-ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները,

-անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանն այսօր ստիպված է ինքնուրույն ապահովելել հայ-ադրբեջանական շուրջ 1000 կմ գերլարված սահմանի պահպանությունը:

Այս ամենը հաշվի չառնելը միանշանակ հանգեցելու է երկրի անվտանգության խաթարման լրջագույն խնդիրների, ընդհուպ պետականության կորստի, ինչը չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք:

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը