Լրահոս

12.11.2011 11:07


Լեգենդար «Բլեք Սաբաթ» ռոք խումբը վերամիավորվում է

Լեգենդար «Բլեք Սաբաթ» ռոք խումբը վերամիավորվում է

Արդեն մի քանի ամիս շարունակ մամուլում շրջանառվում է բրիտանական աշխարհահռչակ «Բլեք Սաբաթ» ռոք խմբի վերամիավորման մասին լուրը։

Խմբի առաջատարներից մեկը՝ Թոնի Այոմին, բրիտանական թերթերից մեկում հայտարարել էր, թե իրենք, այդ թվում նաև աշխարհահռչակ Օզի Օզբորնը, պատրաստվում են 2012թ. կայանալիք համաշխարհային շրջագայությանը։

Մի շարք միջազգային կայքեր, այդ թվում նաև խմբի պաշտոնական կայքը, տեղեկացրել էին, որ ուրբաթ օրը Լոս Անջելեսում կայանալու էր մամլո ասուլիս, որտեղ խումբը պետք է հայտարարեր իր վերամիավորման մասին։

«Ռոյթերս» գործակալությունը տեղեկացնում է, որ ասուլիսը կայացել է «Whiskey a Go Go» ակումբում։ ԱՄՆ–ում իր առաջին շրջագայության ժամանակ՝ 41 տարի առաջ,  խումբը ելույթ էր ունեցել հենց այստեղ՝ Լոս Անջելեսի հայտնի ակումբում։ Եվ ահա երեկ կայացած ասուլիսի ժամանակ Թոնի Այոմին, խոսելով խմբի վերամիավորման մասին, ասել է.

–Մենք պետք է դա անենք կա՛մ հիմա, կա՛մ երբեք։ Մենք շատ լավ հարաբերությունների մեջ ենք հիմա, ամեն ինչ իրոք հիասքանչ է։

Տեղեկացնենք, որ վերջին անգամ խումբն իր ոսկե կազմով ալբոմ էր ձայնագրել 1978թ., որից հետո Օզի Օզբորնը խմբից հեռացավ և զբաղվեց բավական հաջող սոլո–կարիերայով։

«Բլեք Սաբաթ»-ը ստեղծվել է 1969թ. անգլիական Բիրմինգհեմ քաղաքում։ Նրա առաջին կազմում էին Թոնի Այոմին, Օզի Օզբորնը, Գիզեր Բաթլերը, Բիլ Ուորդը։ Խումբը համարվում է «հևի–մետալ» ժանրի հիմնադիրներից մեկը։

Այս խորագրի վերջին նյութերը