Քաղաքական

25.03.2024 09:34


Սպառնացել են նռնակներով պայթեցնել հերթապահ մասը, այնուհետեւ նետել նռնակը դռան մոտ. նոր մանրամասներ զինված հարձակումից (տեսանյութ)

Սպառնացել են նռնակներով պայթեցնել հերթապահ մասը, այնուհետեւ նետել նռնակը դռան մոտ. նոր մանրամասներ զինված հարձակումից (տեսանյութ)

ՆԳՆ-ն նոր մանրամասներ է ներկայացրել Նոր Նորքի ոստիկանության բաժանմունքի վրա զինված հարձակումից և հրապարակել տեսանյութ։

Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել են ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը։

Ոստիկանության ծառայողը փակել է հերթապահ մասի պատուհանը, ինչից հետո սպառնալիքներ հնչեցնող անձը իր ձեռքի նռնակներից մեկը նետել է, որի արդյունքում այն պայթել է ոստիկանության բաժնի վարչական շենքի հերթապահ մասի մուտքի դռան դիմաց՝ իրական վտանգ ստեղծելով ոստիկանության ծառայողների կյանքի և առողջության համար։ Պայթյունի հետևանքով նշված անձանցից երկուսը ոտքերի շրջանում ստացել են վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Երրորդ անձը՝ նռնակները ձեռքին պահած, շարունակել է սպառնալ, որ կպայթեցնի շենքը։

Դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ՝ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրավապահ այլ կառույցների ծառայողներ։

Սկսվել են բանակցություններ՝ նռնակները հանձնելու ուղղությամբ և որոշ ժամանակ անց նռնակներով զինված 34-ամյա Ս․ Հ․-ն ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների կողմից վնասազերծվել է։ Նրա մոտ հայտնաբերվել են չորս նռնակներ։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նռնակն առերևույթ պայթեցրած անձը հանդիսանում է 55-ամյա Ա․ Մ-ն։ Պայթյունի հետևանքով վնասվածքներ են ստացել 55-ամյա Ա․ Մ․-ն և 51-ամյա Վ․ Գ․-ն, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս խորագրի վերջին նյութերը